Մատչելիության հղումներ

Անցած գիշեր ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա. Ոստիկանություն


Անցած գիշեր ճանապարհային ոստիկանները երթևեկության կանոնները խախտելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք են բերել 32 ավտոմեքենա, որոնցից 18-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ըստ ոստիկանության հայտարարության, Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն, ինչը ենթադրում է պատժամիջոցների փոխարինում կանխարգելման միջոցառումներով, այլ խոսքով` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը թույլատրելի ու հնարավոր դեպքերում փոխարինվում է բանավոր դիտողությամբ նախազգուշացումով:

«Այս քայլն ուղղված է հանրային իրավագիտակցության բարձրացմանը և ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես թուլություն կամ երթևեկության վերահսկողության թուլացում: Ցավոք, մեր որոշ քաղաքացիներ հենց այս` անթույլատրելի տեսանկյունից են գնահատում բարեփոխումը` չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթևեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը։

Ի վերջո, ո՛չ մի պատժամիջոց, ո՛չ մի տուգանք, ո՛չ մի վարորդական իրավունքից զրկում չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը, չի կարող վերադարձնել վթարից կամ վրաերթից զոհված մարդկանց: Հիշենք հանրապետության ճանապարհներին ամեն տարի զոհվող մեր հարյուրավոր հայրենակիցներին, մեր ինքնահավանությանը, անտարբերությանը, անկարգապահությանը զոհ դարձող երեխաներին հիշենք ու հասկանանք վերջապես, որ սա վիճակագրություն չէ, ողբերգություն է, որի պատասխանատուն մենք ենք:

Սիրելի հայրենակիցնե´ր, գոյություն ունի երթևեկության կառավարման երկու եղանակ` ռեպրեսիվ միջոցներով և երթևեկության կուլտուրայի բարձրացման ճանապարհով:

Ոստիկանությունն ունի երթևեկության կանոնները խախտողներին խստագույնս պատժելու բոլոր լիազորությունները և հարկ եղած դեպքում լիարժեք կիրառում ու կիրառելու է դրանք, բայց նախընտրելին երկրորդ ուղղությունն է, և կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, որոնք վարորդ, ուղևոր ու հետիոտն են, որպես ճանապարհային ոստիկանության լիարժեք գործընկերներ մասնակցել երթևեկության կուլտուրայի բարձրացման այս նախաձեռնությանը:

Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ, և կունենանք այնպիսի երթևեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը, հանդուրժողականությունը...

Ոստիկանությունը հավատում է այս հեռանկարին ու բարի ճանապարհ մաղթում երթևեկության բոլոր մասնակիցներին», - ասված է ոստիկանության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG