Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները երեկ մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու: «Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200 հազար դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, և փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6 միլիոն դրամ, յուրացվել է», - ասված է հաղորդագրությունում:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: