Մատչելիության հղումներ

Կրթօջախների ղեկավարների վերաբերյալ դատախազությունում քննվում է 22 քրգործ․ պետությանը հասցված վնասը շուրջ 33 մլն դրամ է


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ: Դրանցից 16-ը, Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, վերաբերում է դպրոցների, 4-ը՝ մանկապարտեզի տնօրեններին, 2-ը՝ ԲՈւՀ-ի պաշտոնատար անձանց: Նշված քրեական գործերից 2-ով քրեական հետապնդում է հարուցվել 4 մանկապարտեզի, 4-ով՝ 4 դպրոցի տնօրենների նկատմամբ:

Ընդհանուր 22 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 33 միլիոն 227 հազար 700 դրամ, որից ներկա պահի դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 միլիոն 123 հազար դրամը:

Վերոնշյալ քրեական գործերի գերակշիռ մասը քննվում են տարիֆիկացիոն ցուցակներում ավել աշակերտներ ներկայացնելու և ստացված հավելյալ գումարները յուրացնելու, կրթական հաստատությունում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող անձանց աշխատավարձերը յուրացնելու կամ վատնելու, կրթական հաստատության սաների հասանելիք սննդամթերքին հատկացվող գումարները հափշտակելու, կրթական հաստատության կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների, կատարվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ակնհայտ բարձր գներ սահմանելու և արդյունքում դրա որոշակի մասը կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակելու, կեղծ ավարտական վկայականներ տրամադրելու, դրամահավաքության և այլ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG