Մատչելիության հղումներ

Գործարկվեց Հայաստանը շրջանցող TANAP գազատարը


Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում այս պահին տեղի է ունենում Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի հանդիսավոր բացումը՝ ծրագրին անդամակցող երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների մասնակցությամբ:

Հայաստանը շրջանցող հերթական այս խողովակաշարի շինարարությունը սկսվել էր դեռ երեք տարի առաջ, և հիմա արդեն, ըստ պաշտոնյաների, այն պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Մենք գրում ենք դարի էներգետիկ պատմությունը», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը: - «Այս խողովակաշարի շահագործումը՝ Թուքրիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների հերթական ապացույցն է: Սա մեր հաղթանակն է, մենք գրում ենք 21-րդ դարի էներգետիկ պատմությունը»

Ակնկալվում է, որ 1850 կիլոմետր ձգվող այս գազատարով Թուրքիան ամեն տարի ադրբեջանական Շահ Դենիզից առնվազն 6 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, Եվրամիությունը՝ 10 միլիարդ խորանարդ մետր: Ընդ որում, չի բացառվում, որ այս ցուցանիշներն առաջիկայում ավելանան:

Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովչը ողջունել է գազատարի բացումը:

«Մենք բոլորս ենք շահելու Կասպյան տարածաշրջանի և Եվրամիության միջև ստեղծվող այդ կամրջից, և մեր բոլորի շահերից է բխում այս ծրագրի իրագործումն ու զարգացումը», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հավելելով․ - «Բրյուսելի երկարաժամկետ նպատակն է ստեղծել համաեվրոպական էներգետիկ շուկա, որը հիմնված է ազատ առևտրի, մրցակցության ու դիվերսիֆիկացված մատակարարումների ու աղբյուրների վրա»:

Նոր գազատարի շահագործումը ողջունել է նաև Միացյալ Նահանգները: Թեև ամերիկյան կառավարությունը ուղղակի ներդրումներ չի արել այս ծրագրում և ուղղղակի շահույթ չի ակնկալում, սակայն Վաշինգտոնի համար շատ կարևոր է ոչ միայն Ամերիկայի, այլև դաշնակիցների էներգետիկ անվտանգությունը», -այսօր Անկարայում հայտարարել է Նագանգների պետքարտուղարի էներգետիկ հարցերով փոխտեղակալ Սանդրա Օուդկիրկը:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ պատրաստ է դիտարկել այս խողովակաշարի ընդլայնմանն աջակցելու հարցը՝ երկու պայմանով․ - «Նախ, մենք կդիտարկենք, թե ինչ ազդեցություն կունենան այդ նոր խողովակաշարերը Ուկրաինայի վրա, քանի որ Ռուսաստանի կառավարությունն այլևս չի ուզում գազը տեղափոխել Ուկրաինայի տարածքով: Երկրորդը հարցը, որին մենք ուշադրություն ենք դարձնում, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն է»:

Ի դեպ, այսօր Tanap-ի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Թուրքիա է ժամանել նաև Ուկրաինայի առաջնորդը: Հաղորդվում է, որ Պետրո Պորոշենկոն արդեն առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևն առաջարկել է Ուկրաինային միանալ «Հարավային գազային միջանցք» ծրագրին, որի մեկնարկը տրվեց շաբաթներ առաջ: Կասպից ծովից մինչև Եվրոպա 3500 կմ ձգվող այս խողովակաշարով նախատեսվում է երկու տարի անց արդեն ադրբեջանական գազը հասցնել Իտալիայի հարավ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG