Մատչելիության հղումներ

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարն են բացում


TANAP-ի քարտեզը, արխիվ
TANAP-ի քարտեզը, արխիվ

Այսօր Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում տեղի կունենա Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի հանդիսավոր բացումը ծրագրին անդամակցող երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների մասնակցությամբ: Հայաստանը շրջանցող հերթական այս խողովակաշարի շինարարությունը սկսվել էր դեռ երեք տարի առաջ, և հիմա արդեն, ըստ պաշտոնյաների, այն պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Հուսով եմ, որ Թուրքիայի արևելքից մեկնարկող և դեպի արևմուտք գնացող այս խողովակաշարը գազի հետ միասին նաև խաղաղություն և կայունություն կբերի Եվրոպային», - շինարարության մեկնարկին՝ տարիներ առաջ հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե այն կփոխի ողջ տարածաշրջանի ապագան:

Ակնկալվում է, որ 1850 կիլոմետր ձգվող այս գազատարով Թուրքիան ամեն տարի ադրբեջանական Շահ Դենիզից առնվազն 6 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, Եվրամիությունը՝ 10 միլիարդ խորանարդ մետր, ընդ որում, չի բացառվում, որ այս ցուցանիշներն առաջիկայում ավելանան: «TANAP-ի թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, սակայն հավելյալ կայանների կառուցման դեպքում այն կարող է հասնել 31 միլիարդի, ընդ որում, պարտադիր չէ, որ հավելյալ ծավալները մատակարարվեն միայն ադրբեջանական հանքավայրերից», - շաբաթներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե ծրագրին կարող են մասնակցել նաև Իրանն ու Իրաքը:

Արդեն հայտնի է, որ TANAP-ին միանալու շուրջ քննարկումներ են անցկացվել Թուրքմենստանի հետ, որն աշխարհում չորրորդն է գազի պաշարներով: Հնարավոր է, որ այս հարցով Աշգաբատի հետ բանակցությունները կշարունակվեն նաև վաղը. գազատարի բացման հանդիսավոր արարողությանը Թուրքիայի նախագահը հրավիրել է նաև Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, ով այցից առաջ հայտարարել է, թե «Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի հետ համագործակցությանը և պատրաստ է իր էներգետիկ պաշարները ծառայեցնել համընդհանուր առաջընթացին ու կայուն զարգացմանը»:

Այս փուլում TANAP- բաժնետոմսերի 58 տոկոսը տնօրինում է ադրբեջանական SOCAR ընկերությունը, 30 տոկոսը՝ թուրքական BOTAŞ-ը, 12 տոկոսը՝ բրիտանական BP ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG