Մատչելիության հղումներ

«Ուժեղ է նա, ով իր մեջ ապրելու, վերածնվելու, պայքարելու և հանդուրժող լինելու ուժ է գտնում». ՀՀ նախագահ


Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է. - «Ավրորա» նշանակում է արշալույս: Արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ: Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Նոր Հայաստանում, երբ համայն հայության և հատկապես երիտասարդության մեջ կտրուկ ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք: Եվ իհարկե, որևէ երազանք չի կարող իրականություն դառնալ առանց մարդասիրության, սրտացավության, հանդուրժողականության ու երկխոսության:
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, դարձավ խարան աշխարհի ճակատի վրա:

Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովուրդը զգաց, թե ինչ մեծ արժեք ունեն օգնության ձեռքը, գթասրտությունը, մարդասիրությունը և անկախ նրանից, թե ով է այդ ձեռքը մեկնում, անկախ այդ մարդու ազգությունից, կրոնից և, իհարկե, ձեռքի գույնից։

Ցեղասպանության հարվածից հետո մեր ժողովուրդը ուժ գտավ ոչ միայն վերապրել, այլև՝ վերստեղծել իր հայրենիքը և, իհարկե, չմոռանալ անցյալը:
Իրոք, ուժեղ է ոչ թե նա, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ապրելու, վերածնվելու, պայքարելու և հանդուրժող լինելու ուժ է գտնում»:

նախագահը գնահատելի է համարել, որ այս մրցանակի հիմնադիրները ներդրում են կատարում հումանիզմի տարածման գործում:

«Հիշենք, որ այդպես են վարվել նաև մեզ հետ նաև նրանք, ովքեր ավելի քան մեկ դար առաջ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Ֆրանսիայիում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում ապաստան և օգնություն են տվել ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ժողովրդի զավակներին: Եվ ահա այսօր մենք ձգտում ենք վերադարձնել այն, ինչ ստացել ենք ավելի քան 100 տարի առաջ:

Այսօր արշալույսին «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հնչեց բիբլիական Արարատի հայացքի ներքո:

Դրանով իսկ մենք մեր հայկական ուղերձը տարածում ենք աշխարհով մեկ և այս է ուղերձը՝ մենք մեր պատմությամբ ու կյանքով մասն ենք կազմում աշխարհի, որն այսօր կրկին երկխոսելու, միմյանց լսելու, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության կարիք ունի», - ասել է Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը, հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների իր պայքարի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG