Մատչելիության հղումներ

«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը, հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների իր պայքարի համար։

Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, ինչպես նաև նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետևյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն են տրամադրում փախստականներին. «Բժիշկներ առանց սահմանների», MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով։

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների և կրթությունից զրկված երեխաների իրավունքների և արդարության պայքարին զորեղ է, քան երբևէ։ Ստանձնած առաքելության հետևանքով, կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ՝ ինչը ծանրագույն զրկանքների ենթարկել նրա սեփական ընտանիքին։

«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG