Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե համաձայնության են եկել ամերիկյան կողմի հետ՝ Սիրիայի հյուսիսում գտնվող առանցքային Մանբիջ քաղաքում համատեղ վերահսկողություն իրականացնել:
Խոսելով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, Նուրեթին Չանիկլին ասել է, թե հանդիպել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի հետ: «Մենք շատ մանրամասն, կառուցողական ու դրական քննարկում ունեցանք Մանբիջի ճանապարհային քարտեզի շուրջ», - ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին Վաշինգտոն կատարած այցից հետո Թուրքիայի արտգործնախարարն էր հայտարարել, թե Մանբիջից քրդական ուժերի դուրսբերման ճանապարհային քարտեզը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:
Ամերիկայի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դուրսբերումը Սիրիայի հյուսիսից Անկարայի սկզբունքային պահանջներից մեկն էր: Թուրքիան մտավախություններ ունի, թե իր սահմանների մոտ տեղակայված ուժերը կարող են անջատողական տրամադրություններ տարածել նաև երկրի ներսում ապրող քրդերի շրջանում: