Մատչելիության հղումներ

Կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտությամբ պարտադրված, հակականոնական է․ Եպիսկոպոսաց ժողով


Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները՝ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի գլխավորությամբ, արխիվ
Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները՝ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի գլխավորությամբ, արխիվ

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել են Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․ - «Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում և ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ: Այս ընթացքում փաստազուրկ մեղադրանքներ և վերագրումներ կատարվեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ վերջնագրային եղանակով պահանջելով Նորին Սրբության հրաժարումը Ս. Գրիգոր Լուսավորչի գահից»:

«Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր», - հայտարարել է Եպիսկոպոսաց ժողովը:

«Մենք գիտակցում ենք Եկեղեցու ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը և ժամանակակից կյանքի պայմաններին համարժեք՝ եկեղեցական կյանքի բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը: Հարգանք դրսևորելով մեր Եկեղեցու նախանձախնդիր հավատացյալների ողջամիտ ակնկալությունների ու սպասումների նկատմամբ՝ Հայ Եկեղեցու կանոնական մարմինների՝ Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Ազգային-եկեղեցական ժողովի շրջանակներում կշարունակենք քննարկել և արդյունավորել եկեղեցական բարեփոխումների գործընթացը՝ հավատացյալների հոգևոր պահանջները առավելագույնս բավարարելու համար», - ասված է հայտարարությունում:

Եպիսկոպոսաց ժողովը հրավիրում է եկեղեցու «բարեպաշտ հավատացյալներին՝ աղոթական խաղաղ ու խոնարհ հոգով շարունակել մնալ աստվածպաշտության մեջ և իրենց գործուն մասնակցությունը բերել մեր եկեղեցական կյանքին՝ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո»:

Հիշեցնենք, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG