Մատչելիության հղումներ

Տոնոյանը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանի հարցով հավաքին և երկկողմ հանդիպումներ է ունեցել


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերի հանդիպումը, Բրյուսել, 8-ը հունիսի, 2018թ․

Երեկ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հունաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Պանայոտիս Կամենոսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Տոնոյանը և Կամենոսը պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով մի շարք նոր համատեղ նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ:

Այնուհետև Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Իր ելույթում Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի պարտավորությունները՝ առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում իրականացնելու վերաբերյալ, ասված է հաղորդագրությունում:

Նիստի ավարտին Դավիթ Տոնոյանն առանձին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ձևաչափերով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը և հետագա ծրագրերը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ: Քննարկվել են տարծաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG