Մատչելիության հղումներ

Բազմաթիվ քննադատությունների արժանացած ճարտարապետն ազատվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից


Նարեկ Սարգսյան, արխիվ

Կառավարության որոշմամբ այսօր աշխատանքից ազատվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ Ճարտարապետը, ով բազմիցս քննադատվել է թամանյանական Երևանի դիմագիծը աղճատելու համար, «Ազատության» հետ զրույցում նշեց՝ արդեն հրաժեշտ է տվել կոմիտեի աշխատակիցներին և իր պաշտոնանկության մասին որոշումը գնահատել չի ցանկանում։

Սարգսյանն ասաց՝ ամեն ինչ նորմալ է և ինքն էլ վաղուց կարծում էր, որ ժամանակն է հեռանալ պաշտոնից․ ֊ «Խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ նորմալ է: Ավելին՝ կարծում եմ, որ շատ երկար եմ ես այս բնագավառում եղել՝ վերջին տասնհինգ տարիները, այնպես որ թարմացնելու անհրաժեշտություն կա՝ միանշանակ: Դա ասում եմ ամենայն անկեղծությամբ»:

Քաղաքաշինության պետական կոմիտեի արդեն նախկին պետը, ով երկար տարիներ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, իսկ 2014-16թթ.ին զբաղեցրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը, հաճախ է դարձել քննադատության թիրախ։ Սարգսյանի պաշտոնավարման տարիները կապվել են մի շարք հուշարձան շինությունների քանդման, փոքր կենտրոնի խիտ կառուցապատման, նաև մայրաքաղաքում կանաչ տարածքների նվազման հետ։

Սարգսյանի հեռանալը դրական են գնահատում հատկապես երիտասարդ ճարտարապետները։ Նրանցից Սևադա Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Սարգսյանը ոչ միայն Երևանի ճարտարապետական դիմագիծն է աղավաղել, այլև բազմիցս մեղադրվել է ենթադրյալ կոռուպցիոն շղթաներում ներգրավված լինելու մեջ․ ֊ «Որպես ամենաազդեցիկ «գործ բաժանող» ճարտարապետության ու քաղաքաշինության ոլորտում՝ ներկա պահին իր հեռանալը շատ մեծ դրական միտում եմ տեսնում դրանում»:

Երիտասարդ ճարտարապետն ասում է՝ այն, ինչն արդեն քանդել է Սարգսյանը, վերականգնել հնարավոր չէ, բայց նրա հեռանալով հնարավոր է խուսափել հուշարձան շինությունների նոր կորուստներից։

Երիտասարդ ճարտարապետներից Արսեն Կարապետյանն էլ վստահ է՝ Քաղաքաշինության կոմիտեն, որը ձևական ու մենաշնորհային կառույց էր Նարեկ Սարգսյանի օրոք, պետք է նոր շունչ ստանա․ ֊ «Ստեղծվել է մի համակարգ, որը չի գործում, այսինքն՝ քաղաքաշինություն մենք չունենք որպես այդպիսին: Ես հիմա չեմ ուզում անձնավորել, թե ում պատճառով է դա այդպես եղել, բայց այսօրվա օրով շատ կարևոր է համակարգային փոփոխություններ անել, սկզբունքորեն փոխել այս ոլորտը»:

Ճարտարապետները հիշում են՝ Սարգսյանի օրոք են ապամոնտաժվել Աֆրիկյանների տունը, «Սևան» հյուրանոցը, մինչև այսօր չեն լուծվել գերակա շահ ճանաչված մի քանի փողոցների բնակիչների բնակարանային խնդիրները, իսկ ամենահայտնին Հին Երևանի քանդումն ու դրա տեղում Հյուսիսային պողոտայի կառուցումն է։

Ավելի ավագ սերնդի ճարտարապետներից Անահիտ Թարխանյանը, սակայն, վստահ է՝ այդ ամենը Նարեկ Սարգսյանն իրագործել է նախկին ղեկավարության թելադրանքով ու որոշմամբ․ ֊ «Ճարտարապետը չի կարող ինչ֊որ մի բան կանգնեցնել, ինքը պարզապես կարող է հրաժարվի մասնակցել այդ պրոցեսին: Դա լիներ Նարեկ Սարգսյանը կամ կգտնեին մեկ այլ ճարտարապետի, որը կհամաձայներ ստորագրել իրենց որոշումների տակ: Այ դա է ցավալին, երբ որ արվեստագետին դարձնում են ապօրինի գործունեության մասնակիցը»:

XS
SM
MD
LG