Մատչելիության հղումներ

ԼՂ-ի մասնակցությունը բանակցություններին «համապարփակ կարգավորման միակ ճանապարհն է»


ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան
ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Լեռնային Ղարաբաղին հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ Հայաստանի վարչապետն ասում է այն, ինչի համար Ստեփանակերտն արդեն 20 տարի է պայքարում է․ - «Հայտարարությունը շատ կարևոր է: Մենք էլ 20 տարուց ավելի անընդհատ փորձում ենք վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը: Սա միակ ճանապարհն է իրոք հակամարտության համապարփակ կարգավորման: Դա չի նշանակում, որ բանակցությունները պետք է սառեցվեն հենց էսօր, բայց սրան զուգահեռ երևի այլ որակ պետք է հաղորդվի լիարժեք ձևաչափի վերականգնման աշխատանքներին»:

Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններից դուրս մնած 90-ականների վերջին։ Բաբայանի խոսքով, Ղարաբաղում հասկանում են, որ բանակցային սեղանին վերադառնալը հեշտ չի լինելու, Ադրբեջանն էլ իր պահանջներն է փորձելու առաջ քաշել․ - «Բնական է, որ Ադրբեջանը շահարկելու է «ադրբեջանական համայնքի» գործոնը և այլն: Բայց սրանք լուրջ չեն: Եթե նրանք ուզում են, որ համայնքները նույնպես, որպես ժողովրդավարական ինչ-որ մի արտահայտում, մասնակցեն իրենց ճակատագրի կերտմանը, այդ դեպքում թող լեզգիական համայնքը Ադրբեջանի մասնակցի այդ բանակցություններին, թող թալիշները մասնակցեն, թող ավարցիները մասնակցեն, որովհետև այս հակամարտությունը նաև իրենց ապագան է ինչ-որ տեղ շոշափում»:

Պաշտոնական Բաքուն արդեն հասցրել է քննադատել Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը:

«Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ-կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Դավիթ Բաբայանը չի բացառում, որ Ադրբեջանը նաև սադրանքների դիմի շփման գծում:

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի խոսելու Արցախի անունից․ - «Իհարկե պարոն Փաշինյանը բարոյական էլ, քաղաքական էլ իրավունք ունի խոսելու նաև տվյալ դեպքում Արցախի անունից: Մյուս կողմից, ղարաբաղցի կատեգորիան իրավական և քաղաքական չէ: Եթե նույնիսկ պարոն Քոչարյանը և պարոն Սերժ Սարգսյանը եղել են Ղարաբաղից, և դա հիմք է հանդիսացել, ասենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու, սա իրավական որևէ հիմք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է այն ժամանակ Ադրբեջանի սադրանքները կասեցներ և ասեր՝ ի՞նչ կապ ունի հիմիկվա Հայաստանի ղեկավարությունը որտեղից է ծագումով, սա իրավակա՞ն կատեգորիա է, թե՞ քաղաքական կատեգորիա է: Հետևաբար պետք է այս երկու հարթությունում այն դիտարկել․ մի կողմից, լինելով Հայաստանի Հանրապետության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական, մյուս կողմից, դա ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական կատեգորիաներ են: Պետք է պարզապես աշխատել այն ուղղությամբ, որ վերականգնվի լիարժեք ձևաչափը»:

Լեռնային Ղարաբաղի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը նույնպես կարծում է, որ Ղարաբաղը մոտ ապագայում դժվար կլինի վերադարձնել բանակցային սեղանի շուրջը։ Գրիգորյանը, սակայն, կարևորում է այն փաստը, որ կարգավորման ձևաչափի հարցում Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների տեսակետը մեկտեղվել է․ - «Հասկանալի է բոլորի համար, որ Ադրբեջանը մոտական տարիների ընթացքում թույլ չի տալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ: Սակայն պետք է նշել, որ այդ դիրքորոշումը, այդ մոտեցումը տարիների ընթացքում հնչեցվում էր նաև Արցախի Հանրապետության ղեկավարության կողմից, և կարելի է նշել, որ փաստորեն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումները համընկնում են այդ հարցում: Ես ինքս մտածում եմ, որ մոտակա նույնիսկ տասնամյակների ընթացքում բանակցային գործընթացը որևէ արդյունավետ լուծում չի տալու, և զուտ հռետորաբանության առումով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է ողջունել, քանի որ հայկական կողմից միջազգային հանրությունը ակնկալում է նոր մոտեցումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG