Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի կատարման արդյունքում յուրացվել է 10 միլիոն դրամ. Ոստիկանություն


ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության իրականացրած նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջև կնքված 61 միլիոն 200 հազար դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10 միլիոն դրամ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ «ԱՆՆԱ-80» ընկերությունը կնքված պայմանագրերով հանձն է առել վերանորոգել մայրաքաղաքի մի քանի վարչական տարածքների 123 բազմաբնակարան շենքերի հարթատանիքները։

Ըստ պայմանագրերի, աշխատանքների ընթացքը և որակը, տեխնիկական բնութագրերին և նախահաշվարկային փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու պարտականությունը հանձնվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմին։ Միաժամանակ՝ անցած տարվա փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանը կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագրեր մի շարք ընկերությունների հետ՝ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու վերաբերյալ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ վարչական շրջանների կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի բաժինների աշխատակիցները պատշաճ չեն կատարել պայմանագրով նախատեսված իրենց, իսկ ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով սահմանված տեխնիկական հսկողությունը իրականացնող ընկերություններն էլ՝ իրենց պարտականությունները։ Ստեղծված հնարավորությունից օգտվելով, «ԱՆՆԱ-80» ընկերության տնօրինությունը, պայմանագրով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողականներ, որոնք հաստատվել են պարտականություններն անբարեխիղճ կատարած վարչական շրջանների աշխատակիցների և հսկիչների կողմից։ Արդյունքում յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 9,200,000 դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG