Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները գոհ են առաջին հանդիպումից


ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Զոհրաբ Մնացականյան, Մոսկվա, 7-ը հունիսի, 2018թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գոհ է իր հայաստանցի գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին բանակցություններից: Համատեղ կարճատև ասուլիսին Լավրովը հայտարարեց, որ այսուհետ ևս Ռուսաստանը շարունակելու է զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ այդ հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Զոհրաբ Մնացականյանը նույնպես գոհունակություն հայտնեց առաջին հանդիպումից:

Ընդհանրապես, ասուլիսին ամեն ինչ սովորականի պես էր: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները շեշտում էին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Ե՛վ Լավրովը, և՛ Մնացականյանը հիշատակեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեք շաբաթ առաջ Սոչիում կայացած առաջին հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարը ասաց նաև, որ նոր հանդիպում կլինի մոտ ապագայում՝ առանց հստակեցնելու, թե երբ և որտեղ է այն կայանալու:

Նախարարները խոսել են նաև ղարաբաղյան խնդրից: Լավրովը շեշտեց, որ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում անփոփոխ է և համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը, որի համանախագահն է Ռուսաստանը:

Հայ լրագրողներից մեկն էլ Ռուսաստանի արտգործնախարարին հարցրեց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին: Լավրովն այս հարցին կարճ պատասխան տվեց․ - «Որոշ փուլերում, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին այդ գործընթացին, հետո հայ և ադրբեջանական կողմերի պայմանավորվածության համաձայն բանակցությունների ձևաչափը փոխվել էր: Եթե կողմերը՝ Երևանն ու Բաքուն, որոշեն, որ Ղարաբաղը վերադառնում է որպես բանակցային կողմ, Ռուսաստանը կսատարի այդ որոշմանը, ինչպես և Մինսկի խմբի մյուս համանախագահները»:

Հավելենք, ռուսաստանցի լրագրողները արձանագրեցին, որ այսօր Ռուսաստանի արտգործնախարարը ժպտում էր: Հայաստանի արտգործնախարարը նկատեց՝ դեռ ՄԱԿ-ից գիտի, որ Լավրովը կատակասեր է և հաճախ է ժպտում:

Ռուսական մամուլը նաև նշում է, որ ինչպես Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Զոհրաբ Մնացականյանը ևս ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը՝ МГИМО-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG