«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը խստորեն քննադատել է Ադրբեջանի Գերագույն դատարանի հունիսի 4-ին կայացրած որոշումը, ըստ որի ուժի մեջ մնաց «Ազատության» կայքէջը արգելափակելու՝ Ադրբեջանի կառավարության որոշումը: «Ազատություն» ռադիոկայանը գտնում է, որ դա պետական իշխանության բութ գործիքի օգտագործում է անկախ լրատվամիջոցներին ճնշելու համար:
«2014 թվականին, երբ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում փակեցին մեր գրասենյակը՝ առանց հաշվի առնելու օրենսդրական ու իրավական նորմերը, մենք գիտակցեցինք, որ մենք ու բոլոր անկախ լրատվամիջոցները թիրախի տակ ենք», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը՝ նշելով, որ Գերագույն դատարանի որոշումը հաստատում է դա:
«Ազատություն» ռադիոկայանը գտնում է, որ դա հարձակում է մամուլի ազատության վրա, և հայտնում է, որ կշարունակի օգտագործել բոլոր հասանելի ուղիները այդ որոշումը վիճարկելու համար:
Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականին արգելափակել են «Ազատության» ադրբեջանական ծառայության Azadliq.org ու ևս մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցների կայքերը: