Մատչելիության հղումներ

Պուտին․ «Մենք չենք ուզում, որ մեր երկրում հայտնվեն տարբեր Սաակաշվիլիներ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս ORF-ին, Մոսկվա, 1-ը հունիսի, 2018թ․

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելում է Ավստրիա: Այցի նախօրեին նա հարցազրույց է տվել ավստրիական ORF հեռուստաընկերության մեկնաբան Արմին Վոլֆին, ով Պուտինին սովորականից ավելի կոշտ հարցեր էր տալիս: Ռուսաստանի նախագահն էլ փորձում էր այդ հարցերը կա՛մ շրջանցել, կա՛մ ընդհանուր պատասխաններ տալ:

Մասնավորապես, ավստրիացի լրագրողն առաջարկել է վերջապես խոստովանել, որ Դոնբասի անջատողականներն են կործանել «Բոինգ» օդանավը «Բուկ» տիպի ռուսական հրթիռով, որը բերվել էր Ռուսաստանի տարածքից՝ Կուրսկից: Պուտինը լրագրողի առաջարկը չի ընդունել և պնդել է, որ Ռուսաստանը չի կարող վստահել միջազգային խմբի հետաքննության արդյունքներին, քանի որ ռուսաստանցի փորձագետները հնարավորություն չեն ունեցել մասնակցել դրա աշխատանքներին, և հերթական անգամ շեշտել է, որ նախ և առաջ Ուկրաինան է մեղավոր աղետի համար, քանի որ օդանավը կործանվել է Ուկրաինայի օդային տարածքում:

Բացի այս, Ռուսաստանի նախագահը նաև շեշտել է, թե Ուկրաինայի արևելքում բոլորը՝ և՛ ուկրաինական բանակը, և՛ անջատողականները, սովետական զենք են օգտագործում:

Ավստրիացի լրագրողը, սակայն, պնդել է, որ արդեն հայտնի է, թե ովքեր են այդ հրթիռը բերել Դոնբաս և որտեղից: «Կա տեսագրություն, բազմաթիվ հեռախոսազրույցների ձայնագրություններ, տասնյակ վկայություններ: Իսկ Դուք արդեն մեկ տարի է պնդում եք, որ սա չի համապատասխանում իրականությանը, բայց ոչ ոք Ձեր խոսքերին չի հավատում: Արդյոք չե՞ք կարծում, որ նման ձևով Դուք կասկածի տակ եք դնում Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունները», - ասել է Վոլֆը:

Պուտինը հարցազրույցի ժամանակ պարբերաբար ասում էր լրագրողին, որ չընդհատի և թույլ տա պատասխանել հարցին:

Հստակ պատասխան Ռուսաստանի նախագահը չի տվել նաև Ղրիմի անեքսիայի մասին լրագրողի հարցին: Արմին Վոլֆը մասնավորապես ընդգծել է, թե այսօր շատերը չեն հավատում Ռուսաստանի պաշտոնական փաստարկներին, քանի որ տարիներ առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմում չկան ռուսական զորքեր, և այսպես կոչված «կանաչ մարդիկ»՝ առանց տարբերանշանների կանաչ համազգեստով մարդիկ, տեղի ինքնապաշտպանության ուժերն են, մինչդեռ որոշ ժամանակ անց պարզվել է, որ նրանք իսկապես ռուսաստանցի զինվորականներ էին, և Պուտինը ստիպված է եղել դա խոստովանել:

Վլադիմիր Պուտինը այս հարցին ի պատասխան հայտարարել է, թե Ղրիմում միշտ էլ եղել են ռուսական զորքեր, քանի որ այնտեղ միշտ տեղակայված է եղել ռուսական բազան:

Ի դեպ, Ղրիմի բռնակցման մասին հարցին պատասխանելով՝ Ռուսաստանի նախագահն ասել է, թե ինքնորոշման իրավունքը գրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում, և երբ ժողովուրդն ինքնորոշվել է, ամենևին էլ կարևոր չէ, որ ուրիշ երկրները ճանաչեն այդ իրավունքը, ու հերթական անգամ Ղրիմը համեմատել է Կոսովոյի հետ: «Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի դատարանի որոշման մեջ գրված է, որ կենտրոնական իշխանությունների համաձայնությունը պարտադիր չէ, Կոսովոյի բնակչությունն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի նախագահը:

Պուտինը ստիպված է եղել պատասխանել իր վաղեմի ընկեր և խոհարար Եվգենի Պրիգոժինի մասին հարցին ևս: Պրիգոժինը, հիշեցնենք, արևմտյան պատժամիջոցների տակ է, ու Արևմուտքը նրան մեղադրում է ֆեյքերի ֆաբրիկա ստեղծելու և ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի մեջ: Ռուսաստանի նախագահը պնդել է, որ Պրիգոժինը կապ չունի պետության հետ, և համեմատել է վերջինիս Սորոսի հետ:

Ավստրիացի լրագրողը հարցրել է նաև Ալեքսեյ Նավալնիի մասին, թե ինչու նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, ինչու Պուտինը չի տալիս նրա անունը: Այս անգամ էլ Ռուսաստանի նախագահը ընդդիմադիր գործչի անունը չի տվել և նրան նորից համեմատել է Միխեիլ Սաակաշվիլիի հետ․ - «Մենք չենք ուզում, որ մեր երկրում հայտնվեն տարբեր Սաակաշվիլիներ»:

Իսկ հարցին՝ արդյո՞ք չորրորդ նախագահական ժամկետից հետո պատրաստվում է թողնել քաղաքականությունը, թե՞ ստանձնելու է վարչապետի պաշտոնը իշխանությունում մնալու համար, Պուտինը նորից հստակ պատասխան չի տվել: Սկզբից նա կատակով հարցին հարցով է պատասխանել՝ «իսկ Դուք ինչպե՞ս եք ուզում», հետո էլ ասել է, թե դեռ նոր է սկսվել իր չորրորդ նախագահության ժամկետը, և վաղ է խոսել այդ ամենի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG