Մատչելիության հղումներ

Պուտին. «ԱՄՆ ներքաղաքական պայքարը՝ Թրամփի հետ հանդիպման խոչընդոտ»


ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արպիվ, Դանանգ, Վիետնամ, 11 նոյեմբերի, 2017թ.

Վաղը Ռուսաստանի նախագահը մեկնում է Ավստրիա:

Ավստրիա կատարելիք այցի նախօրեին այդ երկրի ազգային հեռուստառադիոընկերությանը՝ Österreichischer Rundfunk-ին տված բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհությամբ է խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին:

Նա ասել է, թե Ամերիկայի կոշտ քաղաքականությունն է իր և նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կայացման գլխավոր խոչընդոտը:

Թրամփը մարտ ամսին ասել էր, թե երկու ղեկավարներն առաջիկայում կհանդիպեն, բայց դրանից հետո Ամերիկայի և Ռուսաստանի հարաբերությունները նորից սրվել են Սիրիայի, ապա Բրիտանիայում հայր և դուստր Սկրիպալների թունավորման հետևանքով: Պուտինը մայիսին ասել էր, թե առկա խնդիրներն առայժմ անհնարին են դարձնում հանդիպումը:

«Դուք պետք է հարցնեք մեր ամերիկացի գործըներներին: Իմ կարծիքով, այս ամենը Միացյալ Նահանգներում ներքաղաքական կոշտ մրցակցության հետևանք է», - ասել է Պուտինը ORF-ի թղթակցին:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը շարունակում է հետաքննությունը 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցով, և դա ճնշող հանգամանք է Թրամփի համար:

Թե՛ Սպիտակ տունը և թե՛ Կրեմլը կտրականապես հերքում են ռուսների միջամտությունն ու շահերի բախումը 2016 թվականին:

«Մեր վերջին զրույցներից մեկում Դոնալդն ինձ ասաց, որ իրեն շատ է մտահոգում սպառազինության նոր մրցավազքի վտանգը, և ես լիովին համաձայն եմ նրա հետ», - ասել է Պուտինն ORF-ին: Չմանրամասնելով՝ նա նշել է, որ ԱՄՆ դուրս է եկել հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագրից:

Թրամփը, իր հեթին, ապրիլին հպանցիկ գրառում է արել Թվիթերում՝ նշելով, թե սպառազինությունների մրցավազքի կանխումը կօգներ Ռուսաստանի տնտեսությանը:

ORF-ին տված հարցազրույցում, որի մի փոքր հատվածն այսօր է հրապարակվել, իսկ ամբողջական տարբերակը կհեռարձակվի երեկոյան, Պուտինը խոսել է նաև Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների մասին:

«Մենք բնավ չենք ցանկանում պառակտում մտցնել, ընդհակառակը, մեզ ձեռնտու է միացյալ և բարգավաճող Եվրամիությունը, քանի որ այն մեր ամենակարևոր տնտեսական և առևտրային գործընկերն է», - ասել է Կրեմլի ղեկավարը:

Վաղը Վլադիմիր Պուտինը Վիեննայում բանակցելու է Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեռ Բելենի, դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցի և փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի հետ:

Ավստրիայի երիտասարդ կանցլերը և նրա տեղակալն ասել են, որ Եվրամիության համար չափազանց կարևոր է երկխոսությունը Ռուսաստանի հետ, և այդ առումով նշել են Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքական և տնտեսական փոփոխվող դիրքորոշումները, Սիրիայի և Ուկրաինայի չլուծված խնդիրները:

Ավստրիայում մի խումբ քաղաքական գործիչներ կոչ են անում չեղարկել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները: Պուտինի այցի նախօրեին նախագահ Ալեքսանդեր վան դեռ Բելենն ասել է, որ իր մոտեցումը պատժամիջոցների, Ուկրաինայի արևելյան շրջանում ընթացող հակամարտության և Ուկրաինային Ղրիմի պատկանելության հարցում չի փոխվել, բայց նա ցանկանում է լսել Պուտինի տեսակետը:

Նա ասել է նաև, որ հանդիպման ընթացքում կարող է արծարծվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման ծրագիրը, որը մտահոգում է հատկապես Արևելյան Եվրոպայի երկրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG