Մատչելիության հղումներ

Փաշինյան. Ստեփանակերտում դադարեցնում են բողոքի գործողությունները


Լեռնային Ղարաբաղ - Ցուցարարները հանդիպում են կառավարության ներկայացուցիչների հետ, Ստեփանակերտ, 4-ը հունիսի, 2018թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է բողոքի գործողությունները դադարեցնելու մասին:

«Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները: Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա'րտ քաղաքացիներ», - կեսգիշերին մոտ Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, անցած օրերին ցուցարարները Ստեփանակերտում փակում էին Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին: Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ցուցարարների վեց հոգանոց խմբի հետ, և, ինչպես այսօր խմբի անդամները փոխանցել են փողոցում հավաքվածներին, նախագահն ասել է, թե պատրաստ է գնալ պաշտոնանկությունների, բայց կոնկրետ ժամկետներ չի նշել:

Այսօր երեկոյան Հայաստանի վարչապետը կոչ արեց դադարեցնել բողոքի ցույցերը Լեռնային Ղարաբաղում:

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երեկ մտահոգություն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կոչ անելով Նիկոլ Փաշինյանին միջամտել՝ Ղարաբաղում ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար: Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG