Մատչելիության հղումներ

ՀԱԿ֊ը պատրաստ է աջակցել կառավարությանը խորհրդարանական ընտրությունների համար «օրենսդրական համապատասխան մեխանիզմները մշակելու գործում»


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ կարևորելով հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական այնպիսի ընտրությունների անցկացումն է, որոնց արդյունքներն անվիճելի կլինեն հանրության համար և որոնց ազատ և արդար բնույթը որևէ կասկածի ենթակա չի լինի։

«Նկատի ունենալով, որ նոր, ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը իր առաջնային նպատակներից է հռչակել Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումը, Հայ Ազգային Կոնգրեսը անհրաժեշտություն է համարում վերաիմաստավորել և վերափոխել ողջ ընտրական համակարգը` համապատասխանեցնելով այն քաղաքակիրթ աշխարհում ընդունված հիմնարար սկզբունքներին», ֊ ասված է հայտարարությունում։

Կոնգրեսը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել կառավարությանը` «օրվա գլխավոր այս խնդիրների լուծման համար օրենսդրական համապատասխան մեխանիզմները մշակելու գործում» և չորս կետով ներկայացրել է իրենց հիմնական դրույթները։

Հայ ազգային կոնգրեսը.

«1. Վերահաստատում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը։

2. Կարևորում է Ընտրական օրենսգրքում 2016թ.-ին 4+4+4 ձևաչափով կնքված Համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, ինչպես նաև Համաձայնագիրը ստորագրած կողմերի միջև ձեռք բերված` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման պայմանավորվածության կատարումը։

3. Հրատապ է համարում ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասելը /կալանավորման առավելագույն ժամկետները 5-ից մինչև 6 տարի սահմանելով/, և այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրելը:

4. Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձևավորման կուսակցական սկզբունքին, որն իրականում դարձել է ընտրությունների օրինականության ապահովման պատասխանատվությունը պետության վրայից հանելու միջոց, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (հանձին Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG