Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ը պարզաբանել է մանրածախ առևտրային ցանցերում որոշ ապրանքների գների փոփոխությունը


Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվում է մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում տեղի ունեցած գյուղատնտեսական որոշ ապրանքների գների փոփոխությունների խնդիրը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը տեղեկացնում է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացվում բացառապես գերիշխող ապրանքային շուկաների նկատմամբ:

«Առավելապես քննարկվում է մսի թանկացման հարցը, ինչի հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան», ֊ ասված է ՏՄՊՊՀ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ ֊ «Մսի շուկան համարվում է մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմների միջոցով: Այդ շուկայում գործում են հարյուրավոր մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ, և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և սպառողների մտահոգությունը, ՀՀ ՏՄՊՊՀ-ը երկօրյա դիտանցում է իրականացրել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում: Հանձնաժողովի դիտանցման խումբը այսօր որևէ փոփոխություն չի արձանագրել, և սպառողները կարող են միսը գնել այն արժեքով, ինչ նախկինում», ֊ փաստում է հանձնաժողովը։

«Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ տեղի ունեցած մսի գնի կարճաժամկետ փոփոխությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամբողջությամբ պայմանավորված է հարկային վարչարարությամբ, և նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս: Հարկային վարչարարության կիրառման սկզբունքները և դրանցով պայմանավորված տնտեսվարողների գործողությունները Հանձնաժողովի գործունեությանը չեն առնչվում», ֊ նշվում է հաղորդագրությունում։

ՏՄՊՊՀ֊ը անդրադարձել է նաև խոշոր սուպերմարկետների խնդրին, նշելով, որ որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող։

«Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները ( «Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ» ) միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առևտրի 15 տոկոսը», ֊ տեղեկացնում է հանձնաժողովը և հիշեցնում, որ Հայաստանում մանրածախ առևտրով զբաղվում են հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն, մանրածախ առևտրի օբյեկտների քանակը կազմել է 17 223 (առանց վառելիքի իրացման գործունեության), մինչդեռ 5 առաջատար ցանցային սուպերմարկետներին պատկանող առևտրի օբյեկտների ընդհանուր քանակը 82 է:

«Կոնկրետ մսի կամ այս օրերին քննարկվող բանջարեղենի իրացման մասով, վերոնշյալ խոշոր առևտրային ցանցերի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկաներում բավականին ցածր է: Այս հանգամանքը փաստում է, որ վերջիններիս կողմից մրցակցությունը սահմանափակելու հնարավորություններն ու ռիսկերը բավականին ցածր են», ֊ նշում է ՏՄՊՊՀ֊ը և տեղեկացնում, որ շարունակում է վերահսկողություն և համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ օրենքով սահմանված չարաշահման դեպքերը կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG