Մատչելիության հղումներ

Աշխատանքային երկուշաբթին նաիրիտցիները կրկին սկսեցին բողոքի ակցիայով։ Այս անգամ գործարանի առջև և հստակ պահանջով՝ եթե պետությունը չվճարից 116 աշխատողի 5 ամսվա աշխատավարձը, ապա իրենք այլևս գործարան ոտք չեն դնի ու անվտանգությունը չեն ապահովի։

Հունվարի 1-ից մինչև այսօր առանց պայմանագրի և առանց վարձատրվելու աշխատող նաիրիտցիներն ասում են՝ այլևս հնարավոր չէ ապրել:

«Ոչ մեկը պարտական չի հինգ ամիս գա ինչ-որ պետական հիմնարկ, պայթյունավտանգ ցեխերը պահի առանց աշխատավարձի: Չենք գա: Թող հետևանքի մասին իրանք մտածեն», - ասաց բողոքավորներից մեկը:

Նրա գործընկերը հավելեց․ - «Եթե էսօրվա վիճակով էդ հարցը չլուծվի, բոլորս համախմբված գործարան չենք մտնելու: Որևէ մեկը եթե կարա էդ պատասխանատվությունը իրա վրա վերցնի, խնդրեմ: Մենք էսօրվանից չենք աշխատելու»:

Նաիրիտցիները տեղյակ են, որ իրենց բարձրացրած հարցով Կառավարությունում գործընթաց է սկսվել։ Մայիսի 16-ին, երբ հանդիպեցին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ, վերջինս խնդիրը ներկայացվեց Նիկոլ Փաշինյանին, իսկ Փաշինյանը մայիսի 25-ին հանձնարարեց Արտակարգ իրավիճակների ու Էնեգետիկայի նախարարություններին ուսումնասիրել հարցն ու 7-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Կառավարությանը։

Գործընթացի մանրամասները ճշտելու համար առավոտյան Էներգետիկայի նախարարություն էր գնացել գործարանի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար Գրիգորի Մարգարյանը։

Վերադառնալուց հետո նա տեղեկացրեց, թե ևս երկու օր, ու համապատասխան գերատեսչությունները իրենց առաջարկները կուղարկեն վարչապետին։ Իսկ գործադիրի ղեկավարին ուղղված փաթեթը մշակվել է համատեղ, հիմքում դրվել է երկու կարևոր հարց․ - «Առաջնայինը դա հինգ ամսվա չվճարված աշխատավարձերի վճարումն է, որը կազմում է շուրջ 45 միլիոն դրամի սահմաններում: Երկրորդը, ԱԻՆ-ի՝ որպես գործատու ներգրավումից հետո, Կառավարության հրահանգով իհարկե, առաջարկը նրանց կարգավիճակ տալու, և նրանք կգան էն վիճակին, որը եղել է մեկ տարի առաջ»:

Մարգարյանի տեղեկացմամբ՝ նախորդ հինգ ամիսներին «Նաիրիտ»-ի անվտանգությունն ապահովող աշխատակիցները պետք է ստանան հստակ կարգավիճակ, և Էներգետիկայի նախարարության առաջարկով որպես գործատու հանդես պետք է գա Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև նշեց, որ հնարավոր է այսօր հանդիպի Էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Արթուր Գրիգորյանի հետ․ - «Անկախ նրանից էսօր նախարարի մոտ իմ ընդունելությունը կլինի թե չէ, փաթեթը պատասխանի ձևով անպայման կգնա վարչապետին: Այսինքն երկու նախարարություններն էլ ոչ թե մեզ ձեռնտու, այլ իրականության պահանջներից ելնելով, կոնտեքստում պատրաստվում են էս երկու նյութերն էլ»:

Գրիգորի Մարգարյանն ասաց, որ Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել են նաև «Նաիրիտի» վերագործարկման հարցը։ Ըստ նրա՝ ի տարբերություն նախորդ կառավարության, նորը հետաքրքրված է նախկին քիմիական հսկայի վերագործարկմամբ և պատրաստ է քննարկել մշակված բիզնես պլանները։ Սակայն մինչև այդ՝ այսօր, գործարանի անվտանգության պահապաններին չգոհացրեց պետական պաշտոնյաների պատասխանը։ Ասում են՝ սեփական աշխատավարձն ենք ուզում․ - «Մեզ ժամ առաջ, օր առաջ մեր սոցիալական հարցերը լուծելու համար մեզ աշխատավարձ է պետք»:

Նաիրիտցիները, սակայն, որոշեցին՝ եթե 5 ամիս աշխատել են առանց վարձատրվելու, պատրաստ են ևս մի քանի օր սպասել։ Բայց հաջորդ երկու օրերին գործարանի առջև կրկին ակցիաներ կիրականացնեն, միևնույն ժամանակ անվտանգության պահպանությունից էլ չեն հրաժարվի։

XS
SM
MD
LG