Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները հուսով են, որ Կառավարության նոր ղեկավարը լուծում կտա իրենց գործարանի խնդրին


«Նաիրիտի» նախկին ու ներկա աշխատակիցներն այսօր հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց։

Դեռ անցած ուրբաթ համակարգող խումբը նամակ էր փոխանցել վարչապետի աշխատակազմին՝ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրելով Նաիրիտի վերագործարկման խնդրին։

Գործարանի նախկին աշխատակիցները վստահ են, որ հարցին լուծում կարող է տալ միայն Կառավարության նոր ղեկավարը, մինչդեռ տեղեկացել են, որ իրենց՝ վարչապետին հասցեագրված նամակը փոխանցվել է Էնեգետիկայի նախարարություն։

Իսկ նախարարությունը, նաիրիտցիների պնդմամբ, արդեն ապացուցել է, որ վերագործարկման հարցում առանձնապես ոգևորված չէ․ - «Ամեն օր «Նաիրիտ»-ում մի հատ գույք ա օտարվում: Ամեն մի գույքի օտարումը նշանակում է, որ «Նաիրիտի» աշխատելու հնարավորությունը օր-օրի քչանում ա: Մեզ պետք ա դա կանգնացվի: Դա կարա անի միայն Կառավարությունը, վարչապետը: Էներգետիկայի նախարարությունը էդ իրավասությունները չունի»:

Նաիրիտցիները պնդում են, որ խնդիրների մասին վարչապետը պետք է իմանա առաջին ձեռքից, ինչպես դա երեկ արեց նախագահ Արմեն Սարգսյանը։ Երկրի նախագահի հետ հանդիպած աշխատակիցները գոհ են արդյուքներից։

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսարյելյանն ասում է՝ նախագահի փոխանցել են այն, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել: Արմեն Սարգսյանը առաջնային խնդիր է դիտարկել գործարանի առկա վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասնագիտական վերագնահատումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ներդրողների հնարավոր հետաքրքրությունը․ - «Արմեն Սարգսյանը ասեց, որ ինքը իր իրավասության սահմաններում կփորձի օժանդակել, ինքը կփորձի նույնիսկ ներդրողներ ճարել, որպեսզի «Նաիրիտ» գործարանն աշխատի: Նախագահը մեզնից տեղեկատվություն ա ուզել «Նաիրիտի» էսօրվա վիճակի մասին, որը մենք էսօր իրան կներկայացնենք»:

Բաղրամյան 26-ում հավաքվածների մեջ են նաև «Նաիրիտի» ներկայիս աշխատակիցները, որոնք արդեն 4 ամիս աշխատավարձ չեն ստացել և սպառնում են այլևս աշխատանքի չգնալ, եթե Արտակարգ իրավիճակների նախարարությունը չվճարի իրենց աշխատավարձերը։ 116 հոգի հունվարի 1-ից «Նաիրիտում» աշխատում է առանց վարձատրության:

«Մարդիկ իրենց խղճի հանդեպ մաքուր լինելու համար, որոնք ամենաքիչ աշխատողը 40 տարվա աշխատանքային ստաժ ունի, գնում են աշխատանքի, որպեսզի գործարանի անվտանգությունը ապահովեն», - ասաց նրանցից մեկը:

Մոտ 20 րոպե հետո նաիրիտցիների մի փոքր խմբի հրավիրեցին վարչապետի նստավայր՝ առանց հստակեցնելու, թե ով է ընդունելու 3 հոգուց բաղկացած խմբին։ Բաղրամյան 26 մտած քաղաքացիները ներսում մնացին մոտ մեկուկես ժամ և դուրս գալուց հետո տեղեկացրին՝ իրենց հետ հանդիպել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Գևորգյանը։ Նա նաիրիտցիներին խոստացել է, որ իրենց մտահոգությունների մասին այսօր, իսկ ամենաուշը վաղը կտեղեկացնեն վարչապետին։

Վարչապետի նստավայրում նաիրիտցիները բարձրացրել են նաև չստացած աշխատավարձերի, և գործարանի վերագործարկման հարցը։

«Մեզ հույս տվեցին էնքան, որ այսօր ևեթ ամեն ինչը կզեկուցվի Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանը արդեն կորոշի՝ մեզ հրավիրի, մասնագետներ հրավիրի թե ում հրավիրի: Դա արդեն Նիկոլ Փաշինյանը կորոշի», - ասաց բանագնաց խմբի անդամներից Հրաչ Թադևոսյանը:

Վաղն արդեն նաիրիտցիները հավաքվելու են Կառավության շենքի առջև: Նրանք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստից հետո կընդունի իրենց։

XS
SM
MD
LG