Մատչելիության հղումներ

«Մենք հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին երբեք չենք կառուցել և չենք կառուցելու»․ Զոհրաբ Մնացականյան


Հայատանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով ղարաբաղյան կողմին բանակցությունների սեղան վերադարձնելու հնարավորությանը մասին հարցին՝ Մնացականյանն ասաց, որ ներկա փուլում իրենք ձևավորում են հիմքեր բանակցային գործընթացը շարունակելու համար:

Հունիսի 7-ին Մնացականյանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարարին․ - «Ինձ թվում է, դա որևէ նորություն չի որևէ մեկի համար․ որ Լեռնային Ղարաբաղը ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը, նույն եռանախագահների ձևակերպմամբ՝ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Լեռնային Ղարաբաղը հստակ միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով․․․ միավոր է, որը դժվար թե հնարավոր է արհամարհել: Եվ որոշիչ ձայնը [Լեռնային Ղարաբաղի] հստակ եղել է ի սկզբանե հիմքում այս ամբողջ գործընթացի: Իր ստորագրությունը դրված է զինադադարի պայմանագրում: Սա իրողություններն են: Եվ այս ամենը մենք տեղավորում ենք նաև բանակցային գործընթացի մեջ, որովհետև բանակցային գործընթացում մենք եղել և մնում ենք բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կողմնակից՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Առավել ևս ես կուզեմ շեշտադրել մեկ այլ հանգամանք՝ այս ամենի համար էական, կենսական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտը: Եվ շատ մտահոգիչ են այն բազմաթիվ տարբեր ձևակերպումները, հայտարարությունները, կոչերը, որոնք ասում են ամբողջովին հակառակ բանը»:

Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, այցելելով Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսուհետ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները կիսատ են:

«Կիրակնօրյա վերլուծականի» եթերում Հրայր Թամրազյանին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարը, անդրադառնալով որոշումների կայացման հարցում հայկական կողմի ինքնուրույնությանը վստահեցրեց՝ արտաքին քաղաքականության հիմքում Հայաստանի ազգային շահն է․ - «Մենք հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին կամ հակառակը երբեք չենք կառուցել և մտադիր չենք կառուցելու: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ խորը հարաբերություններ, շատ կարևոր հարաբերություններ, որոնք շարունակվելու են: Ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր, շատ տրամաբանական և բացատրելի: Եվ մենք խնդիր չունենք դա հստակ բացատրելու մեր մյուս գործընկերներին: Բայց մյուս կողմից, զարգացնելով հարաբերությունները կամ շարունակելով այն հիմքերը․․․ մենք խոսեցինք Եվրամիության հետ համաձայնագրի մասին, այդ համաձայնագիրը չի ստորագրվել և չի իրականացվում հակառակ մյուս ուղղությունների, այլ համալրում է այն ամենը, ինչ մենք անում ենք մեր շահերի համար: Եվ եթե մենք պետք է է՛լ ավելի բացատրենք, ուրեմն մենք պետք է դա անենք»:

Չնայած նախկինում, որպես ընդդիմադիր պատգամավոր, Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հասցեին սուր քննադատությանը՝ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ այդ կառույցներից Հայաստանի դուրս գալու հարց չի բարձրացվելու:

Արտաքին գործերի նախարարը ևս կարծում է, որ արտաքին հարաբերություններում կտրուկ փոփոխությունները վտանգավոր են, իսկ ներհայաստանյան փոփոխությունները արտաքին որևէ ուժի դեմ չեն․ - «Մեր ներքաղաքական զարգացումները կային այն, ինչ որ կային: Դա հայկական գործընթաց էր, ամբողջովին Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական իրողության մեջ տեղավորվող: Այդպես եղել է, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես լինելու է նույնը»:

Հարցին, թե արդյոք արտաքին քաղաքականության համար կարևոր է, երբ իշխանությունները վայելում են ժողովրդի լայն աջակցությունը հարցին ի պատասխան Մնացականյանը վստահեցրեց՝ արտաքին քաղաքականության հիմքերն առավել կայուն են, երբ կա անվտանգությունն ուժեղացնող կայուն հանրություն․ - «Ես տեսնում եմ արտաքին քաղաքականությունը առաջին հերթին որպես գործիք ներքին նպատակների իրականացման համար: Պարզունակ լեզվով ասած՝ անվտանգության և զարգացման համակարգերը առաջ տանելու համար: Եվ այդ գործիքը լավագույնս օգտագործելու համար երկրի ներքին հիմքերը ինչքան ավելի ամուր են, այնքան ավելի հստակ է այդ գործիքի իրականացման արդյունավետությունը»:

Փաշինյանի կառավարությունում Արտաքին գործերի նախարար նշանակվելուց առաջ Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG