Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր տեղեկացրեց, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։

«Մաշադյանը պետք է գա և իր հայտարարությունների կապակցությամբ բացատրություն տա», - շեշտեց Վանեցյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։

Այս բացահայտումից հետո Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր․ - «Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սխեման մեզ համար գաղտնի չի եղել, մենք տիրապետել ենք էդ ինֆորմացիային, որ առևտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ։ Բազմաթիվ առևտրի կետեր ես կարող եմ մատնանշել, որտեղ որ առևտուր իրականացնում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ», - ասել էր ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով. - «Բացահայտումների մասին, ևս մեկ անգամ եմ ասում, խոսք լինել չի կարող, որովհետև նման գործելաոճը սուպերմարկետների մեզ տեղյակ է եղել, մենք ընդամենը վարչարարություն չենք իրականացրել՝ ապացուցելու, որ այդ առևտրի կետը պատկանում է նույն տնտեսվարող սուբյեկտին»:

Այն, որ այս սխեման քննարկվել և գործի է դրվել նախկին իշխանությունների իմացությամբ, «Ազատության» հետ զրույցում հաստատել էր նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, թե արվել էր հանուն գյուղացիների:

Արթուր Վանեցյանն այս առնչությամբ ասաց․ - «ՊԵԿ-ի փոխնախագահը, ով հայտարարել է հայտնի էդ իրա արտահայտությունը, այսօր կամ վաղը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն, կտա ցուցմունք, և իրա ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում: Վահրամ Բաղդասարյանն էլ եթե նման հայտարարություն է արել, ես չեմ լսել․․․ Վահրամ Բաղդասարյանը քաղաքական գործիչ է և նա կարող է անել տարբեր հայտարարություններ: Ես քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում: Ի՞նչ է նշանակում եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանությունների հետ: Պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի՞ գործեն։ Իսկ ինչի՞ նույն «Կարֆուր» ընկերությունը չի գործել էդ ապօրինի սխեմայով: Մնացած բոլոր խանութները ինչի՞ չեն օգտվել էդ սխեմայից: Օգտվել են ընդամենը 11 տնտեսվարող սուբյեկտներ: Բոլորի մոտ հարց չի առաջանում՝ ինչի՞ է տենց եղել: Խի ձեր բակի, մեր բակի գործող խանութները չե՞ն ուզեցել հարկերը քիչ վճարեն և կարողանան աշխատել»:

Հիշեցմանը, որ հայտարարվել է, թե դա արել են գյուղացիների օգնելու նպատակով, Վանեցյանը հակադարձեց․ - «Գյուղացիներին բանան ծախելուց, նարինջ ծախելո՞ւց են օգնում, թե՞ դրսից ներկրված ելակի, թե՞ պոմիդորի, թե՞ վարունգի հարցում են օգնում: Դրսից ներկրված ապրանքները տոկոսով ավելի մեծ են, քան տեղի արտադրանքը: Տեղի արտադրանքը վաճառվում ա շուկաներում, որտեղ սենց թե նենց ոչ մի բան պետք չի»:

Ըստ Վանեցյանի, Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու համար։ «Ինքը հայտարարել է, որ եղել է պայմանավորվածություն, ինքը պետք է գա, բացատրություն տա, թե ինչի մասի է խոսքը», - ասաց ԱԱԾ տնօրենը։

«Ազատության» հարցին, թե ՊԵԿ փոխնախագահը որպես կասկածյա՞լ է հրավիրվել, Վանեցյանը պատասխանեց. - «Ոչ, որպես վկա է հրավիրվում, հետո կարգավիճակը կորոշվի»։

Նշենք, որ թեև Ազգային անվտանգության ծառայությունը պնդում է, որ Հանրապետական խմբակացության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգը», ինչպես նաև այլ ցանցային սուպերմարկետներ, ՊԵԿ նախկին ղեկավարության հետ համաձայնեցված, խուսափել են խոշոր հարկերի վճարումից, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում չկան ձերբակալվածներ: Չեն ձերբակալվել ո՛չ նրանք, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, հարյուրավոր քաղաքացիների անուններով կեղծ ձեռնարկատիրություն են իրականացրել և խուսափել հարկերի վճարումից և ո՛չ էլ Պետեկամուտների կոմիտեի այն նախկին պաշտոնյաները, ում համաձայնությամբ, ըստ ԱԱԾ-ի, տեղի են ունեցել այդ ապօրինությունները:

Վանեցյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ հակված են պետությունից գողացված գումարները վերադարձնել բյուջե, և եթե անձը վերականգնում է այդ գումարները՝ օրենքով ազատվում է քրեական պատասխանատվությունից․ - «Մենք հակված չենք սկսենք ինչ-որ ռեպրեսիվ գործողություններ իրականացնենք և մարդկանց ձերբակալենք, նստացնենք: Մենք ավելի հակված ենք բոլոր պետությունից գողացված գումարները վերադարձնենք պետական բյուջե: Բոլորը ասում են, ասենք, էսինչ գործի հետևում կանգնած է էսինչ մարդը, բայց հավատացեք ինձ, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավականին բարդ է, գրեթե անհնար: Քրեական հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործի կարճում: Դա մենք չենք անում կամայական, դա ես չեմ որոշում, որ մենք չենք նստացնելու: Եթե մարդը վերականգնում ա գումարները պետբյուջեի, ինքը քրեական պատասխանատվությունից ուղղակի ազատվում է: Իսկ պաշտոնյաները, որոնք միջամտել են, և իրենց իմացությամբ է կատարվել էդ գործողությունները, ներկայումս իրականացվում է քննություն, կլինեն հրավիրվածներ քննչական վարչություն: Եթե չեն կարողանա տալ պատասխաններ իրանց գործած գործողությունների մասին, նրանք կներգրավվեն քրեական գործում արդեն որպես մեղադրյալներ»:

«Ազատության» հարցին, թե հնարավոր է, որ այդ ցանկում հայտնվի նաև ՊԵԿ նախկին նախագահը, ԱԱԾ պետն արձագանքեց․ - «Ես չեմ բացառում: Քննության ընթացքը ցույց կտա: Քննությունը գնում է իր հունով․․․ Ես չեմ կարող հայտարարել ձեզ քննության ողջ մանրամասները»:

Հաջորդ հարցին, թե արդյոք երկու ամիս առաջ տիրապետում էր վերը նշված փաստերին, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ - «Երկու ամիս առաջ չունեի: Իմ գործառույթների մեջ չի մտել դա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG