Մատչելիության հղումներ

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, ասում է, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր:

«Ազատության» հետ զրույցում Մաշադյանը պարզաբանեց՝ Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր «Երևան Սիթի»-ի տարածքում գործել են որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ։

Մաշադյան. - Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սխեման մեզ համար գաղտնի չի եղել, մենք տիրապետել ենք էդ ինֆորմացիային, որ առևտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ։ Բազմաթիվ առևտրի կետեր ես կարող եմ մատնանշել, որտեղ որ առևտուր իրականացնում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ։

«Ազատություն». - Դուք այսինքն պնդում եք, որ Ձեզ որևէ մեկը չէր արգելում, որպեսզի դուք իսկապես բացահայտումներ իրականացնեիք և աշխատեիք այնպես, ինչպես որ հիմա եք աշխատում։

Մաշադյան. - Բացահայտումների մասին, ևս մեկ անգամ եմ ասում, խոսք լինել չի կարող, որովհետև նման գործելաոճը սուպերմարկետների մեզ տեղյակ է եղել, մենք ընդամենը վարչարարություն չենք իրականացրել՝ ապացուցելու, որ այդ առևտրի կետը պատկանում է նույն տնտեսվարող սուբյեկտին։

«Ազատություն». - Դուք ինֆորմացիան ունեցել եք, բայց ոչինչ չե՞ք արել այդ ինֆորմացիայի հետ։

Մաշադյան. - Որովհետև օրենքով ոչ մի արգելված բան չի եղել, որ մի տարածքում գործեն երկու տնտեսվարող սուբյեկտներ։

«Ազատություն». - Հանցակազմ չկա՞ր այդտեղ, որ 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս են վճարել։

Մաշադյան. - Ես հանցակազմի գնահատական չեմ տալիս, դրան գնահատականներ տալիս են իրավապահները։

«Ազատություն». - Պարոն Մաշադյան, եթե խախտում չկար, կամ ինչպես Դուք եք ասում, չեք կարող ասել խախտում կար, թե՝ չկար, այդ դեպքում ինչո՞ւ եք ժամկետ տվել այդ մեկ տասնյակից ավելի ցանցային սուպերմարկետներին, որպեսզի կարգավորեն իրենց այդ ՀԴՄ-ների հետ աշխատանքը, եթե չկար խախտում, ինչո՞ւ եք ժամանակ տվել, թող շարունակեին աշխատել։

Մաշադյան. - Բացատրեմ՝ ես մի քիչ առաջ նշեցի, որ այսօր տեխնիկապես հնարավոր է, որպեսզի նույն հասցեում երկու տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտուր իրականացնելու դեպքում գնորդը ստանա մեկ ՀԴՄ կտրոն մեկ վայրում, մենք հորդորել ենք, որ նման մոտեցում չլինի, եթե նույն հասցեում գործեն տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ունեն առանձին հասցեներ, ապա ամեն մեկը պետք է աշխատի իր ՀԴՄ-ի միջոցով։

Վարչապետին առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ է իրականացնում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։

Երեկ ԱԱԾ-ն հայտարարեց, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։

Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ԱԱՀ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»:

Ըստ ԱԱԾ-ի, «այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։

Օգտվելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից առանց իրավական հիմքերի, կամայական, ոչ օրինաչափ իրենց ընձեռված հնարավորությունից` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, բացի տեղական գյուղմթերքից, վերը նշված ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։ Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ»:

Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս Հոլդինգ» ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ և դատահաշվապահական փորձաքննությամբ: Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը) և 189-րդ հոդվածի 3-րդ մասի (կեղծ ձեռնարկատիրություն) հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG