Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում բողոքի ցույցերը շարունակվում են


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում բողոքի ցույցերը շարունակվում են։

Ցուցարարները պահանջում են ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականը։

«Մենք հոգնել ենք էս կյանքից, էս ապրելակերպից, մենակ մի բան ենք պահանջում՝ հավասարություն, հավասարություն, որ ոչ մեկ չասի՝ էս մեկի տղեն ա, էն մեկի տղեն ա, ինքը կարա հոծ գիծ անցնի։ Ես եմ օրենք խախտել՝ ես պետք է պատժվեմ, մենք սոցիալականից չենք բողոքում։ Սաղ ոստիկանները մեր ախպերներն են, մենք իրանց հետ խնդիր չունենք, բայց ղեկավար պետք է նստի այն մարդը, որը պետք է ծառայի ժողովրդին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Հիշեցնենք՝ անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին:

Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահները չեն մանրամասնում։

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երեկ մտահոգություն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG