Մատչելիության հղումներ

Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են


Ցուցարարները, ովքեր գիշերել են վրանում խորհրդարանի հին շենքի առջև, Թբիլիսի, 3-ը հունիսի, 2018թ․
Ցուցարարները, ովքեր գիշերել են վրանում խորհրդարանի հին շենքի առջև, Թբիլիսի, 3-ը հունիսի, 2018թ․

Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Հակակառավարական ցույցերի առաջնորդ Զազա Սարալիձեն կոչ է արել բոլոր քաղաքական կուսակցություններին միանալ իրենց՝ «միասին այս համակարգը ապամոնտաժելու համար»: Այսօր ժամը վեցին խորհրդարանի նախկին շենքի առջև, որտեղ բազմաթիվ ակտիվիստներ գիշերել են վրաններում, ծրագրվում է ևս մեկ բողոքի ակցիա:

Վրաստանում ցույցերը սկսվեցին մայիսի 31-ին՝ որպես բողոք դատարանի այն վճռի դեմ, որով Սարալիձեի որդու սպանության մեջ կասկածվող երկու երիտասարդները անմեղ են ճանաչվել:

Ցուցարարները նախ պահանջում էին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրաժարականը, նրա հրաժարականից հետո բողոքի ակցիաների մասնակիցները պահանջեցին ողջ կառավարության հրաժարականը:

Անցած դեկտեմբերին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի հետևանքով երկու դպրոցականներ՝ Դավիդ Սարալիձեն ու Լևան Դադունաշվիլին դանակի հարվածներից մահացել էին: Ըստ հետաքննության՝ վիճաբանությունը սկսվել էր դպրոցում, ավելի ուշ փողոցում վերածվելով խմբակային ծեծկռտուքի: Այս գործով հարցաքննվել է մոտ 100 մարդ, երկու կասկածյալ կալանավորվել են:

Մայիսի 31-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանցից մեկին մեղավոր ճանաչեց Դադունաշվիլիի սպանության համար, իսկ Սարալիձեի սպանության դրվագով դատարանը համարեց, որ ամբաստանյալները մեղավոր չեն:

16-ամյա դպրոցականների դաժան սպանությունը մեծ արձագանք էր առաջացրել Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG