Մատչելիության հղումներ

Անչափահասների սպանության գործով դատավճիռը Վրաստանում հուժկու ցույցերի պատճառ է դարձել


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին զրուցում է ցուցարարների հետ, Թբիլիսի, 1-ը հունիսի, 2018 թ․

Թբիլիսիում երեկվանից սկսված բազմահազարանոց բողոքի ցույցերի պատճառով հրաժարական է տվել երկրի գլխավոր դատախազ Իրաքլի Շոթաձեն: Բորբոքված ցուցարարները պահանջել են նաև երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականը:

Երեկ երեկոյան վարչապետը գնացել էր ցուցարարների մոտ, սակայն նրան չեն թողել՝ ավարտել խոսքը, սուլոցնելով ընդհատել են ու պլաստիկ շշեր նետել վարչապետի ուղղությամբ: Կվիրիկաշվիլին հեռացել է ու ավելի ուշ հանդես եկել ճեպազրույցով, փորձելով հանդարտեցնել կրքերն ու ցուցարարների պահանջների բավարարմանը միտված կոնկրետ քայլեր նշել:

Անցած դեկտեմբերին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի հետևանքով երկու դպրոցականներ՝ Դավիդ Սարալիձեն ու Լևան Դադունաշվիլին դանակի հարվածներից մահացել էին: Ըստ հետաքննության՝ վիճաբանությունը սկսվել էր դպրոցում, ավելի ուշ փողոցում վերածվելով խմբակային ծեծկռտուքի: Այս գործով հարցաքննվել է մոտ 100 մարդ, երկու կասկածյալ կալանավորվել են, ու քանի որ վերջիններս անչափահաս են, դատական նիստերը դռնփակ են ընթացել:

Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանցից մեկին մեղավոր ճանաչեց Դադունաշվիլիի սպանության համար, իսկ Սարալիձեի սպանության դրվագով դատարանը համարեց, որ ամբաստանյալները մեղավոր չեն: 16-ամյա դպրոցականների դաժան սպանությունը մեծ արձագանք էր առաջացրել Վրաստանում: Դատարանի երեկվա որոշումից հետո բորբոքված ամբոխը շարժվեց նախ դեպի գլխավոր դատախազության, ապա խորհրդարանի շենք: Սպանվածի հայրը՝ Զազա Սարալիձեն պնդում է, որ դատախազությունը պատշաճ քննություն չի կատարել՝ ապացույցները ոչնչացվել են, արդար քննությանն էլ խոչընդոտողներ կան:

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ճեպազրույցի ժամանակ ասել է, թե գործը կփոխանցվի ներքին գործերի նախարարությանը, հետաքննությունն էլ կղեկավարի փոխվարչապետ Գեորգի Գախարիան, իսկ ինքն իր անմիջական վերահսկողության տակ կվերցնի քննության ընթացքը: Ըստ վարչապետի, խորհրդարանում համապատասխան վերահսկող հանձնաժողով կսեղծվի, նաև կդիմեն արտասահմանցի փորձագետների օգնությանը, իսկ նոր գլխավոր դատախազի առաջադրումն էլ լայնորեն կքննարկվի՝ որպեսզի ընտրվի վստահություն վայելող թեկնածուն:

Դրանից հետո, սակայն, ցուցարարները չեն հանդարտվել: Անցած գիշեր մի քանի տասնյակ մարդիկ անցկացրել են խորհրդարանի առջև տեդադրված վրաններում: Ցուցարարները որոշել են այսօր ավելի մեծ թափով շարունակել բողոքի ակցիաները: Այսօր խորհրդարանի առջև հավաքված ցուցարարներին է մոտեցել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա զրուցել է Զազա Սարալիձեի հետ:

Հանդիպումից հետո Սարալիձեն ասել է, թե նախագահը համերաշխություն է հայտնել իրենց, բայց չգիտի, թե վերջինս ինչ լծակներ ունի և ինչ կարող է անել: «Հավանաբար կառավարության հետ կբանակցի, թե ինչպես հասնել գործի արդար բացահայտմանը»,- ասել է սպանվածի հայրը: Նա նաև ասել է, թե նախագահին է փոխանցել գործի «թաքցված մանրամասները»:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է տարածել Վրաստանի պատրիարքարանը, նշելով, թե ներքգործնախարարության կողմից արագացված ռեժիմով նոր քննությունը, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը և քննությունում միջազգային փորձագետների ընդգրկումը «մեծ քայլ է առաջ»: Պատրիարքարանը նաև բոլորին խաղաղության կոչ է արել:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը սոցցանցում գրել է, թե անցած դեկտեմբերին տեղի ունեած ողբերգությանը գումարվեց դատական համակարգի անարդարությունը, «ինչն ավելի է խորացնում զոհերի ընտանիքների՝ առանց այդ էլ հուսահատ վիճակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG