Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան «ֆեյսբուքի» իր էջում անդրադառնալով 11 սուպերմարկետների համատեղ հայտարարությանը, թե 20 տոկոս ավելացված արժեքի հարկ վճարելու դեպքում գյուղմթերքը կթանկանար, կոչ է արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»: «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»,- գրել է վարչապետը։
Նախօրեին «Երևանի Սիթի», «Նոր Զովք», «ՍԱՍ» սուպերմարկետների ու ևս ութ խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ բաց նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ողջունելով կառավարության կողմից տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը՝ նամակի հեղինակները, միաժամանակ, պնդում են՝ եթե սուպերմարկետները գյուղմթերքը վաճառեին առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, ապա բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչը կհանգեցներ գյուղմթերքի թանկացմանը։
Նամակի հեղինակներն ահազանգում են, թե այս ամենը կարող է հանգեցնել այլ երկներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը՝ ի վնաս տեղական շուկայի: Նրանք կառավարությանն առաջարկում են այս խնդրի կարգավորման օրենսդրական լուծումներ գտնել:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր մասնակցում էր մայրաքաղաքի Կասյան փողոցում կազմակերպված գյուղմթերքի շուկայի բացմանը: «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով սուպերմարկետների բարձրացրած խնդրին, նա ասաց․ «Մարժայի խնդիր չկա: Հիմա որոշ ապրանքատեսակների համար տարբերությունը կարող է ընդամենը 50 դրամ լինել, բայց միևնուն է՝ միջինացված, շուկաներում ավելի մատչելի է: Մեզ մոտ շուկաները դարձան ոչ մատչելի, երբ գյուղացու տեղը գրավեցին վերավաճառողները: Հիմա մեր խնիդրն է, բոլորի խնդիրն է, որ կարողանանք այնպես անել, որ գյուղացին բերի իր ապրանքը վաճառի»,- ասաց նախարարը:
Նա հավելեց՝ իրականում գյուղացիները բողոքում են այն բանի համար, որ իրենք գյուղմթերքի արտադրությունից ավելի քիչ եկամուտներ ունեն, քան վաճառողները: Անդրադառնալով խոշոր առևտրի ցանցերի պնդումներին, որ եթե սուպերմարկետները գյուղմթերքը վաճառեին առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, ապա բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչն էլ կբերեր գյուղմթերքի թանկացմանը, նախարարը նշեց՝ որպես քաղաքացի համաձայն չէ այս դիտարկումների հետ։
«Եթե տենց գնանք, պետություն գոյություն չի ունենա: Պետությունն այդ հարկային միջոցներն ուղղում է բանակին, ոստիկանությանը, բժիշկներին, ուսուցիչներին, ճանապարհաշինությանը և այլն: Այդ մոտեցումը, այդ դեմագոգիան, թե հարկերը հանեք, ինձ համար ընդունելի չէ»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի կողմից հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» ցանցի սուպերմարկետներում իրականացված ստուգումների արդյունքում հարկերից խուսափելու աղմկահարույց փաստեր բացահայտվեցին, կեղծ ձեռնարկատիրության և առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ չկատարելու հիմքով քրեական գործ է հարուցված:
«Ալեքս Հոլդինգ» ընկերությունում ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ տարիներ շարունակ ինչպես հենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամների ու ծանոթների անձնագրերով, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցվել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: «Ազատության» հետ զրույցում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, թե դա արվել է երկրի ղեկավարության գիտությամբ, գյուղացիներին չվնասելու նկատառումով:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ սուպերմարկետների այս հայտարարությունը սաբոտաժի տարրեր է պարունակում։ «Այդ սուբյեկտները մեծ հաշվով ունեն համընդհանուր շահեր, և չեմ բացառում որ այստեղ լինեն կարտելային համաձայնություններ: Կարծում եմ, որ փորձ կարվի այս սաբոտաժն ավելի խորացնել, ընդհուպ մինչև գյուղմթերքներից, մսամթերքներից հրաժարվելը, որը կարճաժամկետ աժիոտաժ կառաջացնի»,- ասաց տնտեսագետը:
Խոսելով կառավարության դերակատարման մասին, նա ասաց՝ նախկինում կիրառված մոտեցումը չի լուծի այս խնդիրը․ պետությունը, որպես հարկ հավաքագրող, սուպերմարկետների բարձրաձայնած ռիսկերի լուծման շատ տարբերակներ ունի, որոնք էլ կարող է կիրառել։ «Այս դեպքում «բարի մղումներով» առաջնորդվելը հակասում է պետության ֆունկցիաներին»,- ասաց Մանուկյանը: Ավելին՝ նա խիստ կասկածում է, թե նախկին իշխանությունների նպատակն այս հարցում «բարի է եղել», ինչպես պնդվում է։