Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց՝ չի բացառվում, որ 1000-ից կանցնի այն քաղաքացիների թիվը, որոնք տեղյակ չեն եղել, որ իրենք զբաղվել են անհատ ձեռներեցությամբ և հարկեր չեն վճարել։
«350 անձը, որ էդքան շահարկվեց, էս մասով 350 չէ, այլ 460 և ավել: Էն 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք ա հրավիրվեն, դրանց մասով թիվը կհասնի, կարծում եմ, 1000-ի կամ ավել», - ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Վանեցյանը հայտարարել էր, որ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում․ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Հայտարարությունից օրեր անց ԱԱԾ-ն 350-ի փոխարեն 461 թիվը հրապարակեց:
ԱԱԾ տնօրենը հակադարձեց այն քննադատությանը, թե իրավապահների այս բացահայտումն ամենևին էլ բացահայտում չէ։ Կրկին պնդեց, որ տեղի ունեցածը ապօրինություն է․ - «Պատկերացնում եք, չէ՞, ինչքան բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք այսքան տարիներ գործել են ապօրինի մեխանիզմներով»:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ բացահայտմանը, մասնավորապես, որ նախկին իշխանության իմացությամբ է դա տեղի ունեցել, ասաց, թե այդ համաձայնությունը եղել է երկրի ղեկավարության հետ․ - «Գիտեմ, որ բարձր մակարդակով, մինչև վարչապետի մակարդակը, եղել է այդպիսի համաձայնություն, որպեսզի գյուղմթերքների գնագոյացման առումով գնային որևէ շեղումներ չլինեն․․․ Ես կողմ եմ, որ գործարարներին պատժենք: Եթե եղել են համաձայնություններ, էդ համաձայնություններից դուրս կատարված գործողությունների համար իրենք պետք է պատժվեն: Այ, եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, և համաձայնության կողմերն էլ պետք է պատժվեն, ուրեմն, այո, էկեք արդարաբար ասենք, որ պետք է պատժվեն բոլորը»:
Հիշեցնենք, ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված «Երևան Սիթի» սուպերմարկետներում կեղծ ձեռնարկատիրության և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու համար։
Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունում ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ տարիներ շարունակ ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցվել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:
Իրավապահներն այժմ ճշգրտում են պետությանը պատճառված վնասի չափերը։
Ի դեպ, նախկին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ այժմ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատությանն» ասել էին, թե այս ամենը գաղտնիք չէր, և որ իրենք այդ ամենն արել են, որպեսզի գյուղացիները չտուժեն։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան ասաց, թե չի կասկածում, որ հանրապետականները փորձել են աջակցել գյուղացիական տնտեսություններին․ - «Այն, ինչ որ կատարվել է ազնիվ մղումներով, իմ համար ընդունելի չի, որովհետև այն, ինչ որ օրենքի շրջանակներից չի բխում, չի կարող որևէ հարկային վարչարարությամբ զբաղվողի համար լինել ընդունելի: Մենք պետք է Հարկային օրենսգիրքը և հարկային օրենսդրությունը մեր համար Ավետարանի սկզբունքով կիրառենք: Լավն է ինքը, վատն է ինքը՝ մենք պետք է կիրառենք: Եվ կիրառման արդյունքում եթե վերհանենք, որ փոփոխման կարիք ունի էդ օրենսդրությունը, մենք պետք է փոփոխությունները, հանրային լայն քննարկումներին հավանության արժանանալուց հետո, տանենք փոփոխությունների: Սա մեր ընդհանուր տեսլականն է»:
Տնտեսագետ Հակոբ Ավագյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ ԱԱԾ-ն իրականում բացահայտում չի արել։
«Խնդիրն ավելի խորքային է», - ասում է տնտեսագետն ու պնդում, թե անցած տարիներին թույլ է տրվել, որ սուպերմարկետները դառնան գերիշխող, ինչի հետեւանքով մանր ու միջին բիզնեսը վնասներ է կրել․ - «Ազգային անվտանգության խնդիր ես ավելի շատ տեսնում էի, որ հասկանանք, օրինակ, գերակա դիրք զբաղեցնող որևիցե առևտրի ցանցը, եթե մի օր որոշի, որ ինքը 20 օր չի աշխատելու, ապա մենք պարենային անվտանգության խնդիր ունենալո՞ւն, թե՞ չէ: Իմ կարծիքով՝ այո: Դուք պատկերացրեք էն չափերի մասին, որ կուտակված ա բացառապես էդ տնտեսվարողի մոտ, այսինքն՝ մենք այլընտրանք չունենք, ինքը կարող է նույնիսկ քաղաքականության վրա ազդեցություն ունենալ»:
ԱԱԾ ստուգումների վերաբերյալ այսօր իրենց մտահոգությունն են հայտնել հայաստանյան 11 սուպերմարկետներ: Մասնավորապես, «Երևանի Սիթին», «Նոր Զովքը», «ՍԱՍ»-ը, ևս ութ խոշոր առևտրի ցանցեր բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ողջունելով կառավարության կողմից տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը՝ դրանց ղեկավարները միաժամանակ պնդում են, որ եթե սուպերմարկետները գյուղմթերքը վաճառեին առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, ապա բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչը կբերեր գյուղմթերքի թանկացման։
Վարչապետին հղած նամակում տնտեսվարողները նշում են, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը «ցանցերը չեն աշխատել»:
Նամակի հեղինակները նշում են, որ այս ամենը կարող է հանգեցնել այլ երկներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի:
Տնտեսվարողները կառավարությաննն առաջարկում են օրենսդրական լուծումներ առաջարկել այս խնդրի շուրջ։
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն այսօր «Միկա» մարզադպրոցում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունում արված բացահայտմանը՝ ասաց, որ բոլորն էլ տեղյակ են եղել Ալեքսանյանի գործունեությունից․ - «Դաժե գիտեն Ալեքսանյան Սամվելը ինչ ա շնչում, ինչ ա ուտում, ինչքան փող ա աշխատում․․․ դա բոլորը գիտեն․․․ Ինքն էլ ասել ա՝ ասել են, ես էլ այսպես արել եմ»:
Ծառուկյանն ասաց, որ ինքը երբեք չի խուսափել ստուգումներից՝ այդպես էլ չմանրամասնելով, թե նոր իշխանություններն իրեն պատկանող բիզնեսներում ստուգումներ իրականացնում են, թե ոչ․ - «Ես եմ ասել, որ առանց քաշվելու առաջինը իմ մոտ ստուգեն, որ նրանք իրավունք ունեն մյուսներին ստուգեն, մյուսներին կարգի հրավիրելու․․․ Դրա համար, եթե ասենք թե իմ կուսակցության նախարարները փորձեն ուրիշից սկսեն, դա անհարմար է»:
Ծառուկյանը մտավախություն չունի, որ ԱԱԾ բացահայտումները մեջ նաև ԲՀԿ-ականներ կարող են լինել․ - «Ես չեմ կարծում, որ իմ բարեկամների կամ իմ թիմի մեջ որևիցե մեկը այդ իրավասությունը ունեցել է»:
Հայաստանի թերեւս ամենահարուստ մարդկանցից մեկը շեշտեց, որ քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու մասին հայտարարություններն իրեն չեն վերաբերում։ Ինքն իր ունեցվածքը ստեղծել է 30 տարիների աշխատանքի արդյունքում։