Մատչելիության հղումներ

Ըստ Chatham house-ի փորձագետի, հայաստանյան իշխանափոխությունը ԼՂ հարցում և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ է ստեղծել


Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նոր հնարավորություններ ու նոր մարտահրավերներ են ստեղծել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար, պնդում է միջազգային հարաբերությունների ոլորտում հայտնի Chatham house վերլուծական կենտրոնի փորձագետ Լորենս Բրոերսը:

Վերջինս փաստում է՝ հիմա երկու կողմն էլ «էյֆորիայի ալիք է» ապրում․ Ադրբեջանը՝ 2016-ի քառօրյա պատերազմի պատճառով, որի արդյունքում ադրբեջանական բանակը 1994 թվականից ի վեր առաջին անգամ տարածքային հաջողության հասավ, իսկ Հայաստանը՝ թավշյա հեղափոխության, որը ոգեչնշել է հայերին, և այժմ նրանք կարծում են, թե կարող են հասնել ամեն բանի: Սակայն, երկու կողմն էլ, ըստ փորձագետի, պետք է չափավորեն իրենց ակնկալիքները:

«Հայաստանի նոր վարչապետը մի շարք կարճաժամկետ մարտահրավերների առաջ է կանգնած: Առաջինը ազգային անվտանգությունն է, որն ավանդաբար համարվել է լիբերալ ընդդիմության «Աքիլեսյան գարշապարը»: Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը կարևորեց վարչապետի պաշտոնում իր առաջին, այսպես կոչված, արտասահմանյան այցով (մայիսի 9-ին) Ղարաբաղ մեկնելը»,- փաստում է բրիտանացի վերլուծաբանը, պնդելով, թե անվտանգության ամրապնդման հարցում իր հանձնառությունը ցույց տալուց բացի, Նիկոլ Փաշինյանի համար նույնքան կարևոր է, որ նախորդ իշխանությունն իր կառավարությանը փոխանցի բանակցային գործընթացի բոլոր նրբությունները:

«1990-ականներից ի վեր՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում զրուցակիցների շրջանակը կրճատվել է՝ սահմանափակվելով միայն նախագահներով ու արտգործնախարարներով: Առանց բանագնացների, պատվիրակների, հետադարձ կապի, խիստ զգայուն բովանդակության տեղեկատվությունը հայտնվել է ընդամենը մի քանի անձանց տրամադրության տակ, և երբ նրանց շարքում փոփոխություն է լինում, գործընթացը դառնում է խոցելի»- շարունակում է Բրոերսը:

Նրա խոսքով՝ հիմա Բաքուն, ամենայն հավանականությամբ, կցանկանա արագ շարժվել, թերևս նպատակ ունենալով վերանայել բանակցային դիրքերը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի թիմը լիովին չի տիրապետել իրադրությանը: Երևանն, իր հերթին, ամենայն հավանականությամբ, կփորձի ժամանակ շահել՝ բանակցություններին պատրաստվելու համար, նշում է փորձագետը:

Մյուս զարգացումը, որն ըստ նրա, կարող է մարտահրավեր դառնալ ու միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծել, ղարաբաղյան կլանի հեռացումն է հայաստանյան իշխող էլիտայից: Շուրջ երկու տասնամյակ, ըստ հոդվածագրի, ադրբեջանական վերլուծությունները հենվում էին այն թեզի վրա, թե Հայաստանը տառապում է ղարաբաղյան կլանի իշխանության տակ: «Հիմա, սակայն, Բաքուն ստիպված է նոր մարտավարություն որդեգրել: Մյուս կողմից շատ գայթակղիչ է բանակցություններում ստեղծված փակուղային վիճակը կապել ղարաբաղյան կլանի հետ ու եզրակացնել՝ եթե կլանը հեռացվի, կարգավորումն առաջ կգնա: Դա անիրատեսական մոտեցում է»,- գրում է Բրոերսը, մանրամասնելով՝ առաջնագծին մոտ ապրող ղարաբաղցիները միշտ ավելի կոշտ են եղել տարածքային զիջումների հարցում, սակայն, «հայաստանցիներն էլ նրանցից ետ չեն մնում»:

«Եթե 2000-ականների կեսերին Հայաստանի բնակչության շուրջ 30 տոկոսն էր պատրաստ դիտարկել գրավյալ տարածքների վերադարձի հնարավորությունը վեջնական համաձայնության հասնելու համար, ապա 2016-ի քառօրյա պատերազմից հետո այդ ցուցանիշը 10 տոկոսի էլ չի հասնում: Ղարաբաղի հարցում նույնիսկ ավտորիտար առաջնորդներն էին ստիպված հաշվի նստում հասարակական կարծիքի հետ, դա անտեսելը շատ ավելի բարդ կլինի Հայաստանի ժողովրդրավար իշխանության համար»,- գրում է Բրոերսը:

Վերլուծաբանի կարծիքով՝ երկարաժամկետ կտրվածքով էլ Փաշինյանը պետք է մերձեցնի Հայաստանի վերաբերյալ երկու իրարամերժ տեսլականները: Առաջինը «զիջումների պատրաստ Հայաստանն» է, որը ձգտում է ինտեգրվել աշխարհին և կյանքի կոչել ժողովրդավար պետություն ստեղծելու խոստումը, մյուսը «երազի երկիր Հայաստանն է», որը ներառում է ոչ միայն Ղարաբաղը, այլև 1992-1994 թթ․ գրավված տարածքները»:

«Այս երկուսի միջև հակասությունները հարթելու հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Ղարաբաղի հայերն իրենք իրենց ներկայացնեն Մինսկի խմբի բանակցություններում: Այդ քայլն էական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի կամ նրան հաջորդող ցանկացած առաջնորդի համար, որպեսզի սահմանագծվի քաղաքական այն շրջանակը, որին նրանք, ի վերջո, հաշվետու կլինեն»,- ընդգծում է հայտնի Chatham house վերլուծական կենտրոնի փորձագետ Լորենս Բրոերսը, հավելելով՝ դա բխում է նաև Ադրբեջանի շահերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG