Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Մեր խնդիրն է սիրո և համերաշխության մթնոլորտը Հայաստանում դարձնել մշտական


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը նախ շնորհավորել է վարչապետին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Վեհափառը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին, կարևորել է դրանց խաղաղ հանգուցալուծումը և ընդգծել, որ դրա արդյունքում մեր երկրի ու ժողովրդի հեղինակությունը բարձրացել է միջազգային հանրության շրջանում: Ամենայն Հայոց կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների, եկեղեցու և ժողովրդի համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ստեղծել զորեղ, առաջընթացի մեջ գտնվող, իր կյանքի բարօրությունը կերտող երկիր:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառին ջերմ խոսքերի ու մաղթանքների համար և կարևորել առկա հարցերի ու խնդիրների համատեղ քննարկումը: «Հայաստանում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել սիրո և համերաշխության կարգախոսի ներքո: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ մթնոլորտը Հայաստանում և հայ ժողովրդի շրջանում դառնա մշտական», - ասել է վարչապետը՝ ընդգծելով ստեղծարար միջավայր ձևավորելու անհրաժեշտությունը:

Այնուհետև Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG