Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է նոր զարկ տալ «Հյուսիս-Հարավի» կառուցմանը


Դրվագ՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհից, արխիվ
Դրվագ՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհից, արխիվ

«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներում, որոնք իրականացնում է չինական մի ընկերություն, ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց, որ հարցով պետք է զբաղվի պետական եկամուտների կոմիտեն և ոստիկանությունը:

«Խնդիրը բավական խորն է, առաջարկվող լուծումներից մեկն այդ ընկերության հետ համագործակցության կասեցումն է: Բայց չեմ կարծում, որ դա լուծում է, կան կոռուպցիոն խնդիրներ ևս: Պետք է մանրամասն քննարկվի խնդիրը և համապարփակ լուծում գտնվի: ՊԵԿ-ի և ոստիկանության հետ պետք է խորանանք այս խնդրի մեջ»,- ասաց Ավինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հորդորեց առավելագույնս արագ լուծումներ գտնել, քանի որ այդ նախագիծն ազդեցություն ունի հայ-իրանական և հայ-վրացական հարաբերությունների զարգացման վրա: «Ի վերջո, երկու տարի այդ հատվածի կառուցումը տեղապտույտի մեջ է: Ճանապարհի կառուցումը սերտորեն պայմանավորում է Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը: Պետք է արագ աշխատենք, որպեսզի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը վերսկսվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի և փոխվարչապետի հայտարարություններից պարզ է դառնում, որ նոր կառավարությունը՝ ի դեմս տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, չի պատրաստվում հրաժարվել «Հյուսիս-Հարավ» նախագծից: Սակայն, ինչպես և անցյալում, պատասխանատու կառույցը դժվարանում է նշել ավտոճանապարհի կառուցման գոնե մոտավոր արժեքը:

Նախարարությանը կից ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանն ասում է․ «Քանի որ ամբողջ ճանապարհի երկայնքով մենք տարբեր հատվածներում տարբեր փուլերում ենք գտնվում, այս պահի դրությամբ որևէ մեկը ձեզ արժանահավատ թիվ չի կարող ասել միջանցքի վերջնական իրատեսական արժեքի մասին»:

Ի սկզբանե՝ 2009 թվականին, «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհի կառուցման արժեքը գնահատվել էր 962 միլիոն դոլար: Տարիների ընթացքում, սակայն, այդ թիվը զգալիորեն աճեց: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը մեկ տարի առաջ խոսել էր 2 միլիարդ դոլարի մասին:

Նախագծով զբաղվող ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանի խոսքով՝ արժեքի շեշտակի աճը պայմանավորված է ճանապարհի նախագծի փոփոխությամբ․ «Ճանապարհի կարգայնությունից կախված՝ ճանապարհի կառուցման արժեքն էականորեն փոխվում է: Մենք կառուցում ենք միջազգային կարգի ճանապարհ, որը ենթադրում է ճանապարհի որոշակի երկրաչափական փոփոխություններ»:

Մասնագետները նշում են, որ նախագծի վերջնական արժեքի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, այդ թվում՝ միջազգային շուկայում շինանյութերի գները: Էներգետիկ և տրանսպորտային անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի կարծիքով, սակայն, «Հյուսիս- Հարավի» պարագայում նախագծի թանկացման գլխավոր պատճառը կոռուպցիան է:

«Փոփոխվում է ոչ միայն նախագծի արժեքը, այլև իրականացման ժամկետները: Այս պահի դրությամբ հինգ տրանշներից բաղկացած ավտոճանապարհի միայն մեկ հատվածն է լիովին պատրաստ: Դա ամենակարճ և աշխարհագրական առումով թերևս ամենահեշտ «Աշտարակ-Երևան», «Երևան-Արտաշատ» հատվածն է: Շինարարական աշխատանքներ են տարվում «Աշտարակ-Գյումրի» հատվածում: Չորրորդ և խոշորագույն հինգերորդ տրանշների պարագայում դեռ որևէ շինաշխատանքի մեկնարկի մասին խոսք չկա: Այս իրավիճակում նշել, թե երբ ամբողջությամբ կկառուցվի «Հյուսիս-Հարավը», անհնար է»,- ասում է Վահե Դավթյանը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում, նախագիծը կորցնում է սկզբնական գրավչությունը: ««Հյուսիս-Հարավի» երրորդ տրանշը հավանաբար կշարունակի իրականացվել վարկային միջոցներով: Իսկ դա լրացուցիչ բեռ է պետբյուջեի վրա: 2015 թվականից Հայաստանն արդեն իսկ վճարում է Տրանշ-2-ով սահմանված մայր գումարի 2,5 տոկոսը: Իսկ Տրանշ-1-ի վարկային պարտավորությունների մարումը սկսվել է այս տարի»,- նշում է Դավթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG