Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ 


Զոհրաբ Մնացականյան, արխիվ
Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ըստ արտգործնախարարության հաղորդագրության, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը իր շնորհավորական ուղերձում շնորհակալություն է հայտնել Զոհրաբ Մնացականյանին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ աշխատելու շրջանում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար՝ ակնկալելով նորանշանակ նախարարի անձնական հանձնառությունը ՀՀ և ՄԱԿ միջև գործընկերության հետագա խորացման գործում:

Գուտերեշը նաև վերահաստատել է ՄԱԿ-ի հաստատակամ և ամուր աջակցությունը բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր ջանքերին:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Բորիս Ջոնսոնն իր շնորհավորական ուղերձում բարեմաղթանքներ է հղել Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտնել Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ Հայաստանում բարեփոխումների գործընթացում աջակցություն և օգնություն ցուցաբերելու հարցում:

ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում նշել է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ՝ ցանկություն հայտնելով ավելի խորացնել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունները:

Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենյամին Նեթանյահուն Զոհրաբ Մնացականյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում հայտնել է իսրայելական կողմի հանձնառությունը ընդլայնելու երկու երկրների համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ նորանշանակ արտգործնախարարի պաշտոնավարման ընթացքում այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

Նեթանյահուն նաև հրավիրել է Հայաստանի ԱԳ նախարարին այցելել Իսրայել՝ քննարկելու երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղիները:

Զոհրաբ Մնացականյանին ուղղված իր ուղերձում Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իգնազիո Կասսիսը նշել է, որ ուրախ է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում տեսնել «Շվեյցարիայի բարեկամի»` վերջինիս հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ:

Կասսիսը համոզմունք է հայտնել, որ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն, և ընդգծել համատեղ աշխատելու պատրաստակամությունը:

Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կանոն շնորհավորական նամակում նշել է, որ Հայաստանը կարևոր դերակատարում ունի Հարավային Կովկասի խաղաղության և կայունության հարցում՝ ընդգծելով Հայաստանի կայուն զարգացման կարևորությունը Ճապոնիայի համար:

Կանոն իր ուղերձում նշել է, որ երկկողմ հարաբերությունների քառորդդարյա պատմության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները ակտիվ զարգացում են ապրել՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում հանդիպել ՀՀ արտգործնախարարին և ակտիվորեն համագործակցել երկու բարեկամ երկրների կապերն առավել սերտացնելու ուղղությամբ:

Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան, շնորհավորելով Հայաստանի իր պաշտոնակցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ երկու պետությունների և ժողովուրդների միջև հարաբերություններն ունեն երկար պատմություն՝ մշտապես զարգանալով հարգանքի, բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով:

Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շուտով կվավերացվի Բուլղարիայի կողմից՝ ընդգծելով, որ Համաձայնագիրը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Եվրամիության միջև, այլ նաև երկկողմ ձևաչափում հարաբերությունների խորացմանը:

Սլովենիայի արտգործնախարար Կարլ Երժավեցը, շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Սլովենիայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները էլ ավելի կզարգանան ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային հարթակներում:

Մոնտենեգրոյի ԱԳՆ ղեկավար Սրդան Դարմանովիչն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ հավատացած է, որ երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերով էլ ավելի կամրապնդվեն և կզարգանան:

Շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Շրի Լանկայի արտգործնախարար Տիլակ Մարապանան հույս է հայտնել համատեղ ջանքերով զարգացնել երկկողմ փոխշահավետ կապերը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մալթայի ԱԳ նախարար Կարմելո Աբելան իր ուղերձում նշել է, որ Մալթան ցանկանում է շարունակել Հայաստանի հետ ջերմ հարաբերությունների խորացումը և բաց է բազմաոլորտ համագործակցության խորացման նոր ուղիներ գտնելու հարցում:

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան, շնորհավորելով Հայաստանի իր պաշտոնակցին, հայտնել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG