Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը Ասադի վարչակազմի կողմից


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 29-ը մայիսի, 2018թ․

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են Բաշար Ասադի վարչակազմի` Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչման մասին որոշումը: Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը:

«Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը լիովին անակնկալ չէր մեզ համար՝ այն պարզ պատճառով, որ Բաշար Ասադի վարչակազմը աջակցում է Ռուսաստանի իշխանություններին: Ռուսաստանի կողմից զավթված Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անբաժան մասն են հանդիսանում: Մենք շարունակում ենք պաշտպանել Վրաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջագզայնորեն ճանաչված սահմաններում: Ասադի վարչակազմի որոշումը առնվազն ոչ խելամիտ կարելի է բնութագրել: Այն չի կարող փոխել ոչ իրականությունը, ոչ էլ մեր վերաբերմունքը այս խնդրին», - հայտարարում էր Պետքարտուղարության խոսնակը:

Պաշտոնական Դամասկոսի որոշումը խստորեն քննադատել են նաև ՆԱՏՕ-ում: Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե «միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականության գաղափարը»:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ, սակայն, Սիրիայի կողմից նման որոշման ընդունումը Վրաստանի արտաքին գործերի նախարարության ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքն է: Նման տեսակետ են հայտնում մասնավորաբար նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչները:

«Մենք անհապաղ կերպով պետք է ակտիվ դիվանագիտական կոնսուլտացիաներ նախաձեռնենք մեր գործընկեր և բարեկամ պետությունների` նախևառաջ Եվրամիության անդամների և Միացյալ Նահանգների հետ: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այլ պետություններ ևս չհետևեն Սիրիայի օրինակին», - նշում է Ազգային միացյալ շարժման ղեկավարներից մեկը` Զաալ Ուդումաշվիլին:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգի Կապանաձեի համոզմամբ էլ՝ կատարվածի առթիվ Վրաստանի արտաքին գործերի նախարարը շտապ բացատություններ պետք է տա խորհրդարանի անդամներին:

«Հարկավոր է նաև լրջորեն քննարկել այլ տիպի պատժամիջոցների կիրառման հավանականությունը: Նախևառաջ խոսքը մեր տարածքներով ռազմական նշանակության բեռների հնարավոր տարանցումը դեպի Սիրիա արգելելու մասին է», - նշում է պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG