Մատչելիության հղումներ

Դամասկոսը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը


Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահներ Ռաուլ Խաջիմբան և Անատոլի Բիբիլովը, արխիվ

Վրաստանը խզում է հարաբերությունները Սիրիայի հետ:

«Սա նշանակալից իրադարձություն է»

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունն ընդունել է Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշումներ:

Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան հատարարել է, որ դա նշանակալից իրադարձություն է:

«Շնորհավորում եմ Աբխազիայի ժողովրդին, Սիրիան այդ որոշումն ընդունեց մեր հաղթանակի և անկախության 25-ամյակի և Ռուսաստանի Դաշնության կողմից մեր անկախության ճանաչման 10-ամյակի նախաշեմին, մեր նախագահ Սերգեյ Բագապշի հիշատակի օրը», - ասել է Գաբնիան Աբխազիայի պետական կառույցների և հանրության ներկայացուցիչների հավաքում:

Սիրիան և Աբխազիան պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել: ТАСС գործակալության փոխանցմամբ, Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրապարակել է հայտարարություն, որի համաձայն՝ «Աբխազիայի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը մտադիր են համագործակցությունը զարգացնել բոլոր ոլորտներում»:

Ըստ Խաջիմբայի, նախօրեին հանդիպել են Սիրիայի, Աբխազիայի և Հարավային Օսիայի դեսպանները համաձայնեցրել են համատեղ հայտարարության տեքստն ու հրապարակման ժամկետը:

Սիրիան Աբխազիայի անկախությունը ճանաչած 7-րդ երկիրն է: Առաջինն Աբխազիայի անկախությունը՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանն է ճանաչել: Դրանից հետո անջատական երկրամասի անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Տուվալուն և Վանուատուն, թեպետ ավելի ուշ այդ երկուսը չեղարկել են ճանաչումը:

«Երախտագիտությունս եմ հայտնում Բաշար ալ-Ասադին»

ТАСС-ը վկայակոչել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովին, ով ասել է, որ իր երկիրը Սիրիայի հետ մտադիր է համագործակցել քաղաքականության, տնտեսության, մշակույթի և հումանիտար բնագավառներում:

«Դիվանագիտական կապերի հաստատումն օգտակար է Սիրիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների համար, սա պատմական իրադարձություն է, ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել նախագահ Բաշար ալ-Ասադին», - ասել է Բիբիլովը և շարունակել. - «Նոր բարեկամներ բոլորին են պետք, մանավանդ այն երկրներին, որոնք հայտնվել են ծանր պայմաններում, հակազդում են ռազմական ագրեսիային և ահաբեկիչներին»:

«Ասադի ռեժիմի կողմից միջազգային օրենքների ևս մեկ կոպիտ խախտում»

Պաշտոնական Թբիլիսին արդեն արձագաքել է Դամասկոսի որոշումներին: «Ճանաչելով Վրաստանի երկու պատմական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Ասադի ռեժիմը միջազգային օրենքների ևս մեկ կոպիտ խախտում է կատարել: Միջազգային համայնքը պարտավոր է դատապարտել այդ փաստը», - Թվիթերի էջում գրել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:

Նրա տեղակալը՝ Դավիդ Դոնդուան, ասել է, որ Թբիլիսին սկսում է Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական կապերը խզելու գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG