Մատչելիության հղումներ

ԵՊՀ ռեկտորի հրաժարականի համար պայքարողները թեև դադարեցրել են ակցիաները, բայց չեն հրաժարվում իրենց պահանջներից


ԵՊՀ, 29-ը մայիսի, 2018 թ․
ԵՊՀ, 29-ը մայիսի, 2018 թ․

Երևանի պետական համալսարանի ուսանողները թեև այսօր դադարեցրել են դասադուլը, գործադուլն ու իրազեկման ակցիաները, սակայն շարունակելու են մնալ պետհամալսարանի գիտխորհրդի դահլիճում։

«Ազատության» հետ զրույցում ակցիաների կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանն ասաց՝ իրենց պահանջները նույնն են մնում, իսկ բողոքի գործողությունների դադարեցումը կապված է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջական վիճակի հետ, ով երեկ հոսպիտալացվել է։ «Մնացած ակցիաների դադարեցման հիմնական մոտիվացիան այն էր, որպեսզի ԵՊՀ ռեկտորի առողջականի հետ կապված՝ ցույց տանք մեր աջակցությունը»,- ասաց Պետրոսյանը։

Նախօրեին «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր իրականացրել ԵՊՀ-ում՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, նաև հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, բուհի ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում։ Արամ Սիմոնյանն ընդունել էր ուսանողներին, լսել նրանց պահանջները և հայտարարել, որ այդ «պահանջներն իրավաչափ չեն», «բռնության միջոցով ոչ մի զիջման չի գնալու», իսկ իրեն էլ համարել էր «քաղաքական հայացքների համար հալածվող»։

Այսօր Դավիթ Պետրոսյանը, անդրադառնալով ԵՊՀ-ի այն հայտարարությանը, որում բարձրաձայնվում է քաղաքական ճնշումների մասին, ասաց. «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԵՊՀ-ն հեղափոխություն չի մտել: Մտել է ուսանողների միջոցով: Ինչ-որ փոփոխություններ եղել են, բայց ղեկավար կազմում ընդհանրապես փոփոխություններ չեն եղել։ Մեր համալսարանի ղեկավարությունը փորձում է օգտագործել անթույլատրելի մեթոդներ՝ ուսանողական պայքարը խեղաթյուրելու համար»։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով երեկ գիշեր տեղափոխվել էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, այսօր, հնարավոր է՝ դուրս գրվի հիվանդանոցից։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:

Այսօր ԵՊՀ պրոռեկտորները ևս հայտարարություն են տարածել, գործող իշխանությանը կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ԵՊՀ-ի բնականոն գործունեությունը վերականգնելու, գիտական խորհրդի նիստերի դահլիճը և դրա հարակից տարածքները նախաձեռնության անդամների ներկայությունից ազատելու ուղղությամբ: Նրանք անընդունելի են համարել նաև Կրթության և գիտության նախարարության անտարբերությունը «մայր բուհում տիրող իրավիճակի հանդեպ»։ Կրթության և գիտության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս առիթով մեկնաբանություն կտան ներկայումս գործուղման մեջ գտնվող նախարարի՝ Հայաստան վերադառնալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG