Մատչելիության հղումներ

Պետքարտուղարությունն իր տարեկան զեկույցում նշում է Հայ Առաքելական եկեղեցու հանրային դերակատարության աճի մասին


Հանրային կյանքում Հայ Առաքելական եկեղեցու աճող դերակատարությունը․ սա է այն հիմնական միտումը, որ նկատել են ԱՄՆ պետքարտուղարության կողմից երեկ հրապարակված զեկույցի հեղինակները հայաստանյան հոգևոր կյանքում նախորդ տարի:

«Կրոնական ազատությունների վիճակը աշխարհում 2017 թվականին» ամենամյա զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը մի շարք խնդիրներ է մատնանշում: Խոսքը, մասնավորաբար, դեռ նախորդ Կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի մասին է, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացրել հատկապես կրոնական փոքրամասնությունների և իրավապաշտպանների շրջանում:

«Փոքրամասնություն կազմող կրոնական խմբերի շրջանում որոշակի մտահոգություններ կային «Կրոնական ազատությունների» մասին օրենքի նախագծի հետ կապված, որը փորձաքննության նպատակով նոյեմբերին ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով: Այս խմբերի ներկայացուցիչները մտավախություն ունեին, որ օրենքի ընդունման դեպքում իրենց իրավունքները կարող են սահմանափակվել, և այն կարող է բացասաբար ազդել կրոնական փոքրամասնությունների ազատությունների վրա», - նշում են զեկույցի հեղինակները՝ նաև հավելելով․ - «Որոշ իրավապաշտպաններ, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ և աթեիստներ շարունակում են մտահոգություն հայտնել այն իրողության առթիվ, որ Կառավարությունը Հայ Առաքելական եկեղեցուն ներառում է հանրային կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորաբար՝ հանրակրթության ոլորտում` թույլատրելով դպրոցներում այնպիսի նյութեր տարածել, որոնցում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և հայ լինել հասկացությունների միջև հավասարության նշան է դրվում»:

Զեկույցի հեղինակները նաև նկատում են, որ լուրջ դժգոհություններ են առկա «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդման ձևի, ինչպես նաև այն դասագրքերի բովանդակության հետ կապված, որոնցով դասավանդվում է այս առարկան:

«Տեղեկություններ կան, որ որոշ դպրոցներում այս առարկան դասավանդում են Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները` պահանջելով նաև, որպեսզի դասավանդման ընթացքում աշակերտները այցելեն եկեղեցիներ: Երբեմն հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցիչները ևս այցեր են կազմակերպում Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող հոգևոր հաստատությունները», - նշում են փաստաթղթի հեղինակները:

Ինչ վերաբերում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերին, ապա դրանցում, ըստ զեկույցում տեղ գտած տվյալների, նսեմացնող արտահայտություններ են առկա այլ կրոնների, ինչպես նաև քրիստոնեության այլ ճյուղերի մասին: Այսպես, ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների պատրաստած այս զեկույցի, հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքերում նման արտահայտություններ կան իսլամի մասին, 8-րդ դասարանի դասագրքում բացասական լույսի ներքո են ներկայացվում կաթոլիկ հոգևորականները, իսկ Ավետարանչական եկեղեցու գործունեությունը 9-րդ դասարանի դասագրքում որպես «հոգեորսություն» է բնութագրվում:

Զեկույցում նաև մատնանշվում են այն բողոքները, որոնք ուղղել են Հայաստանում բնակվող եզդիները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդման առնչությամբ` մտավախություն հայտնելով, որ այդկերպ փորձ է արվում եզդի երեխաներին կրոնափոխ անել և ենթարկել քրիստոնեության գաղափարական ներազդեցությանը:

Պետքարտուղարության զեկույցում նաև հիշատակված են Հայաստանի արդեն նախկին կառավարության անդամների կողմից 2017 թվականին հնչեցված մի շարք վիճելի արտահայտություններ, որոնք ևս կասկածի տակ են դնում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքը: Հիշատակվում են, մասնավորաբար, նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` դեկտեմբերի 8-ին ասած հետևյալ խոսքերը․ - «Եկեղեցին չի կարող տարանջատվել պետությունից կամ բանակից»:

«2017 թվականին Հայաստանում կրոնական ազատությունների հետ կապված մի շարք միջադեպեր ևս եղել են», - պնդում են զեկույցի հեղինակները: Նշենք դրանցից թերևս ամենազավեշտալին. վկայակոչելով Epress.am կայքին նոյեմբերի 1-ի հրապարակումը` զեկույցի հեղինակները գրում են․ - «Ռուս- հայկական (սլավոնական) համալսարանի Հայոց լեզու և գրականություն առարկայի դասախոսներից մեկը հայտարարել էր, որ քննությունն ընդունելու է առաքելական եկեղեցիներից մեկում` պահանջելով նաև, որպեսզի բոլոր ուսանողուհիներն այդ քննությանը ներկայանան գլուխները ծածկած»:

Հավելեմ նաև, որ զեկույցի հեղինակները Հայաստանում նաև մի շարք դրական միտումներ ևս նկատել են այս ոլորտում:

Խոսքը օրենսդրական դաշտի որոշ բարելավումների, եզդիական համայնքի կողմից Ակնալիճ գյուղում կառուցվող սրբավայրի, ինչպես նաև «Եհովայի վկաների» դեմ պաշտոնապես արձանագրված ճնշման դեպքերի թվի նվազման մասին է․ - «Ի տարբերություն նախորդ 2016 թվականի` 2017-ին «Եհովայի վկաները» իրենց դեմ ֆիզիկական հարձակման որևէ դեպքի մասին չեն հաղորդել: Բանավոր հարձակումների դեպքերը նախորդ տարվա 17-ից նվազել են` հասնելով 10-ի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG