Թեև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս է հանում Սիրիայից, նախօրեին հայտնի է դարձել, որ Սիրիայի հարավում դարձյալ ռուս զինվորականներ են զոհվել: Զոհվածների թվի մասին տեղեկություններն իրարամերժ են, հստակ չէ նաև, թե ովքեր են նրանց սպանողները:
Պաշտոնական տվյալների համաձայն, մայիսի 23-ին Սիրիայում տեղի ունեցած մարտի ընթացքում զոհվել է չորս զինվորական: Երկու ռազմական խորհրդատու մահացել է հենց մարտի ժամանակ, իսկ հինգ վիրավորված զինվորներից երկուսն ավելի ուշ մահացել են հոսպիտալում։ Ըստ «Նովայա գազետայի», մինչդեռ, նշված չորսից բացի, զոհվել են նաև «Վագներ» ոչ պետական ջոկատի երկու մարտիկներ: «Ֆրանս պրես» գործակալությունն, իր հերթին, հաղորդում է, որ մայիսի 23-ին Սիրիայում զոհվել են 9 ռուսաստանցիներ։
Conflict Intelligence Team-ը հայտնում է զոհված Կիրիլ Պոլիշչուկի մասին: Վերջինիս անունը պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ներկայումս ստուգում է տեղեկություններն այն մասին, թե մայիսի 23-ին Սիրիայում հրետանավորների դիրքերի վրա հարձակվել էին ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, այլ սիրիական զինված ընդդիմիության անդամները, որոնք ռազմական պատրաստության դասընթացներ են անցել ամերիկյան ռազմակայանում:
Ըստ «Կոմերսանտի», այս հարցի հետ կապված երկու վարկած կա: Դրանցից մեկի համաձայն, սիրիական ստորաբաժանման վրա, որում ընգրկված են նաև ռուսաստանցի զինվորականներ, հարձակվել են ԻՊ-ի գրոհայինները, ըստ մյուս վարկածի՝ հարձակումն իրականացրել է «Ազատ սիրիական բանակը»՝ Սիրիայի հարավում տեղակայված «Էտ-Տանֆ» բազայից։ Դա հենց այն ռազմակայանն է, որում տեղակայված են ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ստորաբաժանումները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2015 թվականից ի վեր Սիրիայում զոհվել է 91 ռուսաստանցի զինծառայող: Նրանցից 39-ը զոհվել է այս տարվա մարտին՝ ռուսական ռազմական ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով։ Այս տվյալների մեջ, սակայն, ընգրկված չեն ռուսաստանյան մասնավոր ռազմական կազմակերպությունների զոհված մարտիկների անունները:
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 7-ին, ըստ արևմտյան աղբյուրների, սիրիական Դեյր էզ Զորում զոհվել էին «Վագներ» մասնավոր ընկերության մի քանի տասնյակ գրոհայիններ։ ՌԴ պատկան մարմինները, սակայն, հաղորդում էին «մի քանի» զոհերի մասին, շեշտելով, որ զոհվածները ռուսաստանյան բանակի զինծառայողներ չէին:
Ռուսաստանցիները վերջին շրջանում սիրիական պատերազմն ավելի հաճախ են համեմատում խորհրդային շրջանում տեղի ունեցած աֆղանական պատերազմի հետ, երբ ԽՍՀՄ բանակի զինվորները «ինտերնացիոնալ պարտքը» կատարելիս, զոհվում էին այդ «միանգամայն անհասկանալի պատերազմում»:
«Այսօր գրեթե նույն վիճակն է»,- ասում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան Մատվեյ Գանապոլսկին ու հավելում․ «Տեսեք, նոր հաղորդագրութուն է՝ գրոհայինները սպանել են ռուս զինվորականների: Ի՞նչ գրոհաիններ են, ովքե՞ր են նրանք, ինչու՞ ենք մենք այնտեղ՝ Սիրիայում պատերազմում, հասկանալի չէ:
Մենք ունենք Պետդումա, Դաշնային Խորհուրդ, գլխավոր դատախազություն, ոչ ոք ձայն չի հանում, իսկ մարդիկ զոհվում են Սիրիայում, որովհետև Պուտինը որոշել է ինչ-որ տեղ պատերազմ վարել: Թեև նույն Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մեր զորքերն այդ երկրից հանել է, միևնույն է՝ այնտեղ պարբերաբար զոհվում են մեր տղաները, բայց մեր իշխանությունն այդ տղաների վրա թքած ունի»: