Մատչելիության հղումներ

ԿԳՆ-«Թումո» նախաձեռնությամբ կստեղծվի «Նոր սերնդի կրթություն» հարթակը


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնել են «Նոր սերնդի կրթություն» հարթակը, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի հնարավորություն կընձեռի ներկայացնել և քննարկել կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը:

ԿԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր «Թումո» կենտրոնում մեկնարկել է հարթակի քննարկումների առաջին շարքը:

«Այս շաբաթների իմ գործունեության ընթացքում օպերատիվ լուծում պահանջող մի շարք խնդիրներ եմ վերհանել և ռազմավարական փոփոխություններ իրականացնելու համար ցանկանում եմ օգտագործել ոչ միայն մեր թիմի փորձառությունը, այլ նաև այսպիսի հարթակներում հնչած նոր գաղափարները ներառել մեր ծրագրերում՝ նախադպրոցականից մինչև մինչև հետբուհական կրթություն»,- իր խոսքում նշել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ բոլոր ոլորտներում առկա են լրջագույն խնդիրներ: «Խզված է կրթություն-աշխատաշուկա, ինչպես նաև նորարարակական ուղղությունների միջև կապը, որոնց վերականգնման խնդիր կա: Առաջնային է նաև բուհերի և դպրոցների ապաքաղաքականացման և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման խնդիրը: Ուսումնասիրելով ԿԳՆ-ի բյուջեն՝ եկել եմ այն եզրահանգման, որ առկա են բավականին մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր, որոնք հասնում են տասնյակ, հարյուրավոր մլն դրամների»,-նշել է նախարարը՝ վստահեցնելով, որ այդ ռեսուրսների ճիշտ բաշխման արդյունքում հնարավոր է արդյունավետ ծրագրեր իրականացնել:

Միջոցառման ընթացքում քննարկվել է երկու թեմա՝ «Հանրակրթության բովանդակության և մանկավարժություն» և «Բարձրագույն կրթություն և կադրային մրցունակություն», որոնց վերաբերյալ ելույթներով հանդես են եկել կրթության ոլորտի հայտնի փորձագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG