Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն «հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հերթական անգամ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուղղակի մասնակցությունը հիմնախնդրի շուրջ բանակցություններին:

«Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նշանակում է ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», - հայտարարել է Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում:

Մամեդյարովի խոսքով՝ ինքը համանախագահներին ասել է, որ հայկական կողմի առաջարկը «ծիծաղելի է»:

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը Ստեփանակերտում հայտարարել էր, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները կիսատ են:

Միաժամանակ Հայաստանի նոր իշխանությունները չեն հրաժարվում ընդունված ֆորմատով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, շարունակել բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ:

Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի միջև, որի ժամանակ, ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լեդրիանը ընթացիկ ամսվա վերջին տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում և Ադրբեջանում:

Անցած շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարը Փարիզում հանդիպում էր ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ և պնդել, թե Հայաստանում ու Ադրբեջանում ավարտված ընտրական գործընթացներից հետո Բաքուն պատրաստ է «ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար»:

Հիմնախնդրի շուրջ բանակցություններն ինտենսիվորեն շարունակելու անհրաժեշտության մասին հայտարարել է նաև պաշտոնական Վաշինգտոնը: «Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն», - գրել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ուղղած նամակում:

Այսօրվա ելույթում Էլմար Մամեդյարովը նաև ասել է․ - «Մեր հիմնական խնդիրը ադրբեջանական հողերի՝ Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիան է»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG