Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական արժեքները չպետք է այլընտրանք ունենան, Հայաստանն անշեղորեն պետք է ընթանա ժողովրդավարության զարգացման ճանապարհով՝ հարգելով բազմակարծությունն ու այլակարծությունը»: Այդ մասին նա հայտարարել է այսօր Բրատիսլավայում Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Դանկոյին Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Անդրեյ Դանկոյի և Սլովակիայի խորհրդարանի ներդրումը ցեղասպանությունների միջազգային դատապարտման գործընթացում՝ այս համատեքստում կարևորելով Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, ԱԺ փոխխոսնակը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում լուծելու դիրքորոշումը: Նա դրական է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:
«Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունը, ԼՂ հիմնախնդիրը փորձում է ներկայացնել տարածքային վեճ, մինչդեռ այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ազատության ու անկախության պայքար է: Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի», - ընդգծել էՇարմազանովը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Սլովակիայի խորհրդարանը սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը: