Մատչելիության հղումներ

Զեյնալյան․ Նոր կառավարությունը միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ


Լուսանկարը՝ ԱՆ լրատվականի
Լուսանկարը՝ ԱՆ լրատվականի

Հայաստանի նոր կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի և Ջուզեպե Գալատիի հետ հանդիպման ժամանակ:

Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը, Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ կառավարությունը տրամադրված է իրականացնելու լուրջ բարեփոխումներ: «Դրանց ուղղված միջազգային կառույցներից տրամադրված առաջարկությունները հաշվի առնելով և կյանքի կոչելով՝ ձգտելու ենք ունենալու մեր երազների Հայաստանը», - արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Զեյնալյանը:

Կողմերը քննարկել են կառավարության նոր ծրագրում արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ ուղղված դատական համակարգի, Հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ինչպես նաև անդրադարձել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Սահմանադրական դատարանի որոշումների արդյունավետ կատարման մեխանիզմներին ու Հայաստանի Ընտրական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններին:

Հիշեցնենք, ԵԽԽՎ համազեկուցողներին ընդունել են նաև Հայաստանի վարչապետը, նախագահը, արտգործնախարարը և պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG