Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ Պահանջել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին՝ նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

«Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում:

«Ես նաև իրենց ասել եմ, որ նման առաջարկը ծիծաղելի է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարարը՝ այդպիսով արձագանքելով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները կիսատ են: «Բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»,- մասնավորապես ասել էր վարչապետ Փաշինյանը:

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովում իր ելույթում Մամեդյարովը այսօր հայտարարել է նաև, թե Ադրբեջանը «պատրաստ է» հարաբերություններ հաստատել հայերի հետ․ - «Ադրբեջանը բարիդրացիության շրջանակներում պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ՝ իհարկե մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG