Մատչելիության հղումներ

Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը


Կարո Եղնուկյան, արխիվ

Այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը, իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում է 31 օր տևած հացադուլը:

Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով ազատ արձակելով փոխարինելու մասին: Եղնուկյանը ազատ արձակվեց 10 միլիոն դրամ գրավի դիմաց, որը նրա ընտաքիքը մուծեց:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամը անազատության մեջ է 2016 թվականի հուլիսից, նրան մեղսագրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը, և նրա գործը քննվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործի հետ միասին։

Արդեն ազատ արձակվելուց հետո Եղնուկյանը հայտարարեց՝ եթե չլիներ «թավշյա հեղափոխությունը», իրեն գրավով ազատ չէին արձակի:

«Այս մարդիկ սովորել են, որ դատախազը պիտի բերի մեղադրանքը, դատավորն էլ պիտի պեչատը դնի, ուրիշ բան չգիտեն, սա է: Երկու ձև կա՝ կամ ստիպել իրենց, համ համոզել: Հիմա մենք համոզման պրոցեսի մեջ ենք, որովհետև չենք ուզում ստիպել: Այսօրվա իշխանությունների կողմից ստիպելը ճիշտ չէ: Պարոն Փաշինյանը ճիշտ է ասում, որ չի զանգելու, պետք չէ: Թող մտքներից հանեն, որ պիտի զանգի ու ասի էսպես արեք, էնպես արեք»,- ասաց Եղնուկյանը:

Նա դատարանի դահլիճից ուղևորվեց Մատենդարան, որտեղ արդեն 31-րդ օրը հացադուլ էր անում «Հիմնադիր խորհրդանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Մատենադարան էր ժամանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ Չուգասզյանը դադարեցնում է հացադուլը:

«Պատիվ է ինձ համար հայտարարել, որ Գարեգին Չուգասզյանի հացադուլը այս պահից համարվում է դադարեցված», - հանդիպումից հետո հայտարարեց Փաշինյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին, որ ինքը եկավ այստեղ, որովհետև հարցերի լուծման դրական ընթացք արդեն կար: Բայց ամեն տեսակ ուժեր փորձում էին օգտագործել առիթը, հակասություններ ստեղծել էն ուժերի միջև, որոնք մինչև հիմա ռեժիմի դեմ են եղել, նրանց իրար դեմ հանելու և այլն: Որպեսզի էդ ամեն ինչը վերանար․․․ Էն պահանջները, որ ես դրել էի, ես լրիվ բավարարված եմ: Կետ-կետ ինձ համար լրիվ հասկանալի է՝ ինչը ինչպես է լինելու: Ընթացակարգը ինչպես պետք է լինի: Լրիվ բավարարված եմ ես: Մենք եկանք փոխադարձ ըմբռնման, որ էս ամեն ինչը, էսպես ասած, վերջացել է: Էս պահին շատ կարևոր է մեր հասարակության համար փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտի ուժեղացումը և վստահության աճը», - իր հերթին հայտարարեց Չուգասզյանը:

Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը մայիսի 11-ին «Ելք» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվելուց անմիջապես հետո Մատենադարանի առջև հացադուլ սկսել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, համաներում հայտարարել անհամաչափ պատիժ ստացած անձանց նկատմամբ և ձևավորվել անցումային հանձնաժողովներ՝ այս հարցերը լուծելու համար։

Չուգասզյանը կալանավորվել էր ապրիլի 24-ին, երբ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դուրս էր եկել ընդհատակից: Նա 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG