Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյան․ Արտահերթ ընտրությունների հարցը պետք է որոշվի խորհրդարանում


Նախագահ Արմեն Սարգսյան, Երևան, 24-ը մայիսի, 2018 թ․
Նախագահ Արմեն Սարգսյան, Երևան, 24-ը մայիսի, 2018 թ․

Ազգային ժողովում պետք է որոշվի՝ անհրաժե՞շտ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը թե ոչ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:

«Արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի և լուծվի Ազգային ժողովում: Պետք է դա թե պետք չէ, ես կարծում եմ՝ երկու մեծ սուբյեկտ է, որ պետք է որոշեն: Դա մեր հայ ժողովուրդն է և այդ ժողովրդի համապատասխան մարմինը Ազգային ժողովն է, և եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտականությունները կլինեն՝ իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար»,- հայտարարեց նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Ազատության» հետ զրույցում հստակեցրեց՝ ակնկալում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան աշնանը՝ հավելելով, որ իր այդ պատկերացումը պետք է փորձի համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ:

Խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական ուժերից այսօր միայն Հանրապետականն է, որը կողմ չէ արտահերթ ընտրություններին: Վերլուծաբանների գնահատմամբ, պատճառն ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը կարող է անգամ չանցնել խորհրդարան:

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր նաև հետևյալ հարցն ուղղեցինք՝ շատ է խոսվում քաղբանտարկյալների մասին, ի՞նչ դիրքորշում ունի նախագահն այդ հարցի վերաբերյալ և վերջապես՝ կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ: Սարգսյանի պատասխանը խուսափողական էր․ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն՝ երեկ, այսօր և վաղը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG