Մատչելիության հղումներ

Վարչապետի «պատկերացմամբ», ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն աշնանը


Փաշինյանը մասնակցում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովին, Երևան, 23-ը մայիսի, 2018 թ․
Փաշինյանը մասնակցում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովին, Երևան, 23-ը մայիսի, 2018 թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, հստակեցրեց, թե երբ է ակնկալում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդուհանդերձ, ըստ վարչապետի, այդ հարցով դեռ պետք է լինեն քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ:

«Մեր պատկերացմամբ՝ արտահերթ ընտրություններ [պետք է] անցկացնել աշնանը, բայց մեր այս պատկերացումը մենք պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Երեկ կալանավայրից նամակով վարչապետին էին դիմել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրանք պնդել էին, թե Փաշինյանը պարտավոր է օգտագործել «անուղղակի ու առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները»՝ դատական համակարգի կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:

Արձագանքելով այդ նամակին՝ վարչապետն այսօր վերահաստատեց՝ չի պատրաստվում դատավորներին հրահանգներ տալ: «Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն, ինչպես գիտեք, սկսվել է և կշարունակվի: Բայց ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան՝ չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Եվ ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ իրադրության փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ազատման համար կազմակերպվող ակցիաներից հետո հղած իրենց նամակում Սեֆիլյանն ու Ավետիսյանը նշում են նաև, թե իրենց տպավորությամբ՝ վարչապետ Փաշինյանը «լվացել է ձեռքերը»:

Փաշինյանն այդ առնչությամբ նշեց․ «Պետք է ճշտել, թե ինչ է նշանակում՝ ձեռքերը լվանալ: Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ՝ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգներ տալ, ես հաստատում եմ իմ այդ դիրքորոշումը, որովհետև որևէ նպատակով դատավորներին հրահանգ տալու գործընթաց սկսելը նշանակում է սկսել «սերժսարգսյանացման» գործընթաց: Ես այդպիսի գործընթացի մեջ ինքս ինձ չեմ դնի:

Հակառակ դեպքում, եթե մենք մի անգամ դատարանին որևէ հրահանգ տանք, դատարանն այլևս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի: Մենք շատ կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում և դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք: Առաջինը՝ որպեսզի դատարաններին իշխանական կաբինետներից և որևէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, և երկրորդ՝ պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի։

Ահա այս սահմաններում յուրաքանչյուր դատավոր, ով հավակնել է, մտածել է, որ ինքը կարող է լինել և աշխատել դատավոր, նա պարտավոր է իր իրավասությունների շրջանակներում կայացնել որոշումներ, կայացնել դատավճիռներ: Եվ ահա՝ այս քաղաքական պայմանն ապահովված է, և դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»:

Այսօր իր ֆեյսբուքյան էջում վարչապետ Փաշինյանը հորդորել ու պահանջել էր դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր դրսևորումները և բոլոր հարցերով աշխատել կառավարության հետ: Հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, շարունակվող բողոքի գործողությունները նմանվում են սաբոտաժի՝ ընդդեմ «ժողովրդի վստահությունը վայելող կառավարության»:

«Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և սիրո ու հանդուրժողականության մթնոլորտը թող որևէ մեկը չմեկնաբանի որպես թուլության մթնոլորտ: Սա շատ վտանգավոր մեկնաբանություն կլինի: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք ապահովել հանրապետության բնականոն կենսագործունեությունը»,- ասաց վարչապետը:

Եթե բողոքի միջոցառումները շարունակվեն, արդյո՞ք հնարավոր է դրանց կասեցման համար իրականացվեն ոստիկանական գործողություններ, «Ազատության» այս հարցին ի պատասխան, Փաշինյանը նշեց՝ եթե ստեղծվի կոնկրետ իրավիճակ, ապա այն կքննարկվի ու հարցին կտրվեն լուծումներ:

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 18-րդ տարեկան համաժողովին: Այնտեղ նա հայտարարեց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գերակայություն է իր գլխավորած կառավարության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG