Մատչելիության հղումներ

Անկարան վերստին քննադատում է Բեռլինին․ «Գերմանիայում ժողովրդավարության պակաս կա»


Բոսնիա և Հերցեգովինա - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախընտրական հանդիպումը Սարաևոյում, 20-ը մայիսի, 2018թ․
Բոսնիա և Հերցեգովինա - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախընտրական հանդիպումը Սարաևոյում, 20-ը մայիսի, 2018թ․

Անկարան կրկին քննադատում է Բեռլինին, այս անգամ՝ Թուրքիայում կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ Գերմանիայի տարածքում թուրք պաշտոնյաների նախընտրական հանդիպումներն արգելելու համար: «Դա ցույց է տալիս, որ Գերմանիայում ժողովրդավարության պակաս կա», - հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթին տված հարցազրույցում:

Բեռլինը՝ Ավստրիայի ու Հոլանդիայի իշխանությունների հետ, անցած ամիս որոշեց արգելել թուրք քաղաքական գործիչներին Գերմանիայի տարածքում նախընտրական հանդիպումներ անցկացնել հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ:

«Կարծում եմ՝ այս հարցում մեր գերմանացի ընկերները ցույց տվեցին, որ կաղում են ժողովրդավարությունից», - ասել է Հայաթի Յազիչին՝ փաստելով, որ Գերմանիայում ապրող 3 միլիոն թուրքերից մեկուկես միլիոնը առաջիկա քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի: «Արդյո՞ք արդար է Գերմանիայի կողմից սահմանափակել նրանց իրավունքները ընտրություններից առաջ», - հարց է բարձրացրել Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը:

Թուրքական հոծ բնակչություն ունեցող երեք եվրոպական երկրների արգելանքից հետո՝ անցած շաբաթավերջին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստիպված էր, ըստ էության, մի կողմ դնել ընդարձակ եվրոպական շրջագայության գաղափարն ու Եվրոպայում ապրող թուրքերի հետ միակ հանդիպումն անցկացնել հիմնականում մահմեդական բնակչությունը ունեցող Բոսնիայի մայրաքաղաքում: Ելույթ ունենալով Սարաևոյում, նա չթաքցրեց զայրույթը՝ կոչ անելով հայրենակիցներին համախմբվել ու ու իրենց ուժը ցույց տալ ողջ աշխարհին:

«Դուք պետք է ակտիվորեն մասնակցեք ձեր երկրների ներքին քաղաքականությանն ու ձեր կամքը թելադրեք իշխանություններին: Դուք պետք է լինեք խորհրդարաններում այն մարդկանց փոխարեն, որոնք դավաճանում են մեր երկրին», - հայտարարում էր Էրդողանն ու կոչ անում առաջիկա ընտրություններում աջակցել իրեն աննախադեպ թվով ձայներով ու դրանով իսկ «մի լավ, թուրքական ապտակ տալ Թուրքիայի թշնամիներին ու նրանց հովանավորներին»:

Գերմանիան, Ավստրիան և Նիդերլանդները նաև անցած տարի՝ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեից առաջ էին դռները փակել քարոզչական նպատակներով իրենց երկրներ այցելող թուրք պաշտոնյաների առջև, ինչից հետո Թուրքիայի առաջնորդը նրանց ֆաշիստ ու նացիզմի հետևորդ էր որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG