Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը»


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր ողջույնի խոսքով դիմելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի մասնակիցներին՝ Փաշինյանը ասել է․ - «Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը: Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, և սա վերաբերում է բոլոր ոլորտներին»:

Սա ընթացիկ շրջանի ամենակարևոր գաղափարական խնդիրն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ, ընդգծել է վարչապետը:

«Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, և դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում: ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, և դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը», - ասել է Փաշինյանը:

«Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն և այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները, և հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում: Այո՛, այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի, և մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը: Շնորհակալ եմ այս գործում Հայաստանին, հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության և վճռականության համար», - դիմելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG