Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Այս տարի 147 գործով քրեական հետապնդում է հարուցվել 47 պաշտոնյայի նկատմամբ


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հիմնահարցը շարունակում է մնալ դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը, ասված է Հայաստանի դատախազության հանրային կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրությունում:

«Դեռևս 2017թ. դատախազության գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ նշվել էր, որ իբրև հակակռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև այդ հարցում ցուցաբերվող հետևողականության նկատմամբ հանրային վստահության և աջակցության մակարդակը բարձրացնելու գործուն միջոց՝ առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու հանցագործությունների դեմ պայքարում անմիջականորեն ներգրավված պետական մարմիններում նմանատիպ դրսևորումներն ու սխեմաները և դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց գործունեությունը», - նշում է դատախազությունը՝ մանրամասնելով․ - «Արդյունքում 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ մայիսի 18-ի դրությամբ, միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել և քննվել է պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքերի վերաբերյալ 147 քրեական գործ: Այդ քրեական գործերով պետական ծառայություն իրականացնող 47 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առավելապես կոռուպցիոն բնույթի (կաշառք ստանալը, պաշտոնեական դիրքը չարաշահելը, պաշտոնեական կեղծիքը) հանցագործություններ կատարելու համար»:

Այդ պաշտոնատար անձանցից, ասված է հաղորդագրությունում, «15-ը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողներ են, որոնցից 2-ը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետեր, 4-ը՝ օպերլիազորներ, 1-ը՝ բաժնի պետ, 1-ը՝ հերթապահ մասի պետ, 1-ը՝ ՊՊԾ դասակի հրամանատար, 1-ը՝ բաժնի պետի տեղակալ, 2-ը՝ անձնագրային ծառայության ղեկավար, 3-ը՝ այլ ծառայողներ, 10-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներ են, որոնցից 1-ը՝ քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ը՝ մարզային քննչական վարչության պետ, 8-ը՝ քննիչ, 13-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ են, որոնցից 1-ը՝ քրեակատարողական հիմնարկի պետ, 1-ը՝ օպերատիվ բաժնի պետ, 11-ը՝ այլ ծառայողներ, 3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ են, որոնցից 2-ը՝ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, 1-ը՝ այլ ծառայող, 2-ը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներ են, 3-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչներ են, 1-ը ՝ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության բաժնի պետ»:

Վերը նշված քրեական գործերից 24-ը պետական ծառայություն իրականացնող 35 պաշտոնատար անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ, իսկ պետական ծառայություն իրականացնող 12 պաշտոնատար անձի վերաբերյալ 38 քրեական գործ գտնվում է նախնական քննության փուլում, հաղորդում է դատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG